Հունաստանից դեպի Հայաստան. Ինչպե՞ս են հայերն ապրում Հունաստանում և ինչու՞ չեն ցանականում վերադառնալ հայրենիք
Շատերին կհետաքրքրի, թե ինչպես են մեր հայրենակիցներն ապրում այլ երկրներում և թե ինչու նրանք չեն ուզում վերադառնալ: Operativ.am-ը որոշել է կապ հաստատել տարբեր երկրներում ապրող հայերի հետ: Նախորդ անգամ ներկացրել էինք Լիտվայում ապրող հայերի մասին: Այս անգամ կփորձենք ներկայացնել Հունաստանում ապրող հայերի և հայ համայնքի գործունեության մասին: Այդ նպատակով Operativ.am-ի թղթակիցը կապ է հաստատել Հունաստանում բնակվող Անուշիկ Սարգսյանի հետ:
-Կպատմե՞ք Հունաստանի հայերի և հայ համայնքի գործունեության մասին:
-Հունաստանի հայկական համայնքը բավականին մեծ է: Հայկական համայնքը վայելում է հույների հարգանքը: Այստեղ հայերը բաժանված են 2 խմբի. հայեր, ովքեր 1915 թվականին արտագաղթել են Արևմտյան Հայաստանից և հայեր, ովքեր համարվում են արտագաղթած հայեր: Այստեղ կան նաև հայեր, ովքեր ԽՍՀՄ-ի փլուզումից հետո տեղափոխվել են Հունաստան, իսկ նրանցից շատերը գաղտնի կերպով օգնել են նաև Ղարաբաղյան պատերազմի ժամանակ:
-Ինչպե՞ս են վերաբերվում հույները հայերին:
-Հունաստանում տոները նշում են հայեցի: Տոների ժամանակ հնչում է հայկական ավանդական երաժշտություն: Հույները մեծ համակրանք ունեն հայկական մշակույթի հանդեպ և միշտ հիանում են հայկական մշակույթով,ավանդույթներով: Նրանք միշտ ասում են, որ հայերը խելացի և ավանդապաշտ մարդիկ են և շատ աշխատասեր: Ես ինքս հպարտանում եմ, երբ լսում եմ այդպիսի կարծիքներ: Մենք ունենք հայեր, ովքեր ԵՊՀ-ի և ԵՊԲՀ-ի ուսանողներ են, ովքեր այստեղ կատարելագործում են իրենց գիտելիքները:
-Ի՞նչ տեղ է զբաղեցնում հայերենը հայերի կյանքում և արդյո՞ք հայերը կիրառում են այն:
-Այստեղ հայերը խոսում են հայերեն, ռուսերեն, հունարեն: Հիմնականում գործածվում է արևտահայերենը: Մի շարք քաղաքներում գործում են նաև կիրակնօրյա հայկական դպրոցներ: Իր տեսքով հիացնում է Սուրբ Աստվածածին եկեղեցին, որտեղ ամեն ամիս պատարագ է մատուցում Տեր Պողոս քահանան:
-Կգա՞ մի ժամանակ, որ կցանկանաք վերադառնալ հայրենիք' Հայաստան և ո՞ր դեպքում:
-Հիմնականում Հայաստանից արտագաղթել ենք Հայաստանում առկա սոցիալական պայմանների պատճառով: Հայաստանում ամեն բան սահմանափակ է: Այստեղ հայերը հիմնականում զբաղվում են ոսկեգործությամբ, կահույքագործությամբ, շինարարությամբ: Կան մարդիկ, ովքեր բավականին հաջողություններ են գրանցել բժշկության ասպարեզում: Հիմնականում Հայաստան գալիս ենք արձակուրդների ժամանակ: Հայաստանում անգամ հանգիստը թանկ արժե, քանի որ Հայաստան գալով բավական մեծ գումարներ ենք ծախսում: Այստեղ' Հունաստանում, չնայած ծանր աշխատանքին, բավականին բարձր ենք վարձատրվում: Հայաստան գալիս ենք միայն կարոտներս առնելու համար: Կարոտն ամեն դեպքում կա: Ներկա պահին վերադարձի մասին խոսք լինել չի կարող:
Զրուցեց Գայանե Մելիքյանը