Լուսաղբյուրում ողբերգական հրդեհի հետևանքով մահացածները հարս ու սկեսուր են
Շիրակի մարզում այսօր՝ մայիսի 19-ին տեղի ունեցած ողբերգական հրդեհի հետևանքով մահացած կանայք հարս ու սկեսուր են։ Լուսաղբյուրի վարչական ղեկավար Մելս Մանուկյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ ընտանիքի մյուս բոլոր անդամները գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում։
«Տատիկի որդին էլ, երեք տղա թոռներն էլ Ռուսաստանի Դաշնությունում են։ Մեկը մի քանի ամիս առաջ է գնացել, մյուսները՝ սեզոնային աշխատանքի»,- նշեց գյուղապետը։
Հրդեհի հստակ պատճառը, գյուղապետի խոսքով, դեռ պարզ չէ․«Ամենայն հավանականությամբ, վառարանից է եղել, որովետեւ մինչեւ այս վերջին օրը հարեւանները պատմում են, որ տեսել են՝ ծուխ է դուր գալիս։ Բացի այդ՝ թոռը երկու ամիս առաջ է հոսանքալարերը փոխել, քիչ է հնարավոր, որ էլեկտրականությունից լինի»։
Փայտյա, հին շինություն լինելու պատճառով տունը այրվել է շատ արագ, մինչեւ հարեւանները նկատել են եւ հասել օգնության, այն փլվել է։
«Տատիկի ձայնը լսվում էր, օգնություն էր խնդրում։ Մինչև ճաղավանդակները պատուհանների պոկեցինք, առաստաղը փլվեց, ձայնը կտրվեց։ Հարսը, հավանաբար, ծխահարվել է տեղում, քանի որ միայն առավոտյան երկար փնտրելուց հետո իր մարմինը գտանք անկողնում։ Իսկ տատիկն անգամ սենյակն էր փոխել, կրակի հակառակ կողն էր տեղափոխվել, օգնություն էր խնդրել»,- պատմեց գյուղապետը։
Քամու առկայության պատճառով կրակը փոխանցվել է հերեւանի տներին, որոնցից մեկի տանիքն է այրվել եւ պատուհանից են կարողացել տնից դուրս բերել տան անդամներին, մյուսինը՝ պատուհանը։
Գյուղապետը նշեց, որ ընտանիքի անդամները ՌԴ-ից Հայաստան վերադառնալու խնդիր ունեն, թոռներից մեկը այսօր կվերադառնա, մյուսներն առայժմ չեն կարողանում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:15-ին, մարվել՝ 06:08-ին: Ամբողջությամբ այրվել են տունը (մոտ 240 քմ), մոտակայքում կայանած «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան՝ մասամբ, վնասվել են թիվ 10 տան պատուհանը և 1-ին փողոցի թիվ 33 տան երեք պատուհան։