ԱՄՆ-ն չի ընդունի ԱՀԿ բանաձևի դրույթները աղքատ երկրների համար վիրուսի դեմ պատվաստանյութի հասանելիության մասին
ԱՄՆ-ն մտադիր է հրաժարվել ընդունել Առողջապահության համաշխարհային կազմակերպության բանաձեւի դրույթները, որով աղքատ երկրներին հասանելիություն է տրամադրվում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութին եւ բժշկական այլ արտադրանքին՝ առանց համապատասխան արտոնագիր ձեռք բերելու, հայտնում է Financial Times պարբերականը՝ վկայակոչելով աղբյուրներին:
Նրանց տեղեկություններով՝ ամերիկացի դիվանագետները կապ են հաստատել Ժնեւում գտնվող մի շարք աֆրիկական երկրների ներկայացուցիչների հետ, որոնց կառավարությունները մտահոգված են, որ չեն կարողանա ձեռք բերել բժշկական արտոնագրեր: Այս բանակցությունների նպատակն էր աֆրիկացիներին համոզել աջակցել բանաձեւի ձեւակերպումների մեղմացմանը, որը նախատեսվում է երեքշաբթի ընդունել Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 73-րդ ամենամյա նստաշրջանում: Պարբերականի տեղեկություններով՝ այդ բանակցությունները հաջողությամբ են պսակվել, սակայն ԱՄՆ-ն նախկինի պես բանաձեւի դրույթների քննարկման գործընթացում է:
Մայիսի 18-ին՝ համաժողովի նախաշեմին, բանաձեւի նախագիծը հրապարակվել էր ԱՀԿ կայքում՝ ստանալով մոտ 100 պետությունների աջակցությունը, որի համահեղինակներն են դարձել, մասնավորապես, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Մոլդովան, Հնդկաստանը, Ճապոնիան, մի շարք աֆրիկական եւ լատինաամերիկյան երկրներ, ինչպես նաեւ Եվրամիության երկրներ: Դրա մեջ նշվում է Առողջապահության համաշխարհային ասամբլեայի մտադրության մասին գրանցել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում ԱՀԿ ղեկավար դերը:
Ընդգծվում է նաեւ անհրաժեշտությունը, որ «որպես գլոբալ առաջնահերթություններից մեկը ապահովվի համընդհանուր, ժամանակին եւ իրավահավասար հասանելիություն COVID-19 համավարակի դեմ պայքարում անհրաժեշտ բոլոր որակյալ, անվտանգ, արդյունավետ եւ գնի առումով մատչելի հիմնական բժշկական տեխնոլոգիաներին եւ արտադրանքին»:
Առողջապահության համաշխարհային ասամբլեային, որը ԱՀԿ ղեկավար մարմինն է, մասնակցում են կազմակերպության 194 երկրների ներկայացուցիչներ: Նրանք երկու օր կքննարկեն կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի հարցերը եւ կնախանշեն այս ոլորտում հետագա քայլերը: