Փոխնախարարին կաշառք են տվել. Կոռուպցիոն հանցախումբ է բացահայտվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իրավապահ համակարգը ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնականպաշարների նախարարության պաշտոնատար անձանց մասով կոռուպցիոն հանցախումբ է բացահայտել:
Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ Գեւորգ Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, 2007թ. օգոստոս ամսից զբաղեցնելով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱ կազմակերպության տնօրենի պաշտոնը եւ հանդիսանալով պաշտոնատար անձ՝ օժտված լինելով տվյալ պետական մարմնում կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնելու իրավասությամբ, մասնավորապես՝ օգտակար հանքավայրերի եւ դրանց պաշարների եւ ընդերքի վերաբերյալ այլ տեղեկատվական նյութերի հավաքման, պահման եւ տրամադրման, ՀՀ ընդերքում օգտակար հանածոների պաշարների տեղեկատվական տվյալների տրամադրման լիազորություններով, կոնկրետ գործարքի է գնացել:
Մեզ հայտնի դարձավ, որ նա 2017-2018թթ. ընթացքում ընդունել է կաշառքի դիմաց ընդերքի շահագործմամբ զբաղվող մի շարք իրավաբանական անձանց ընդերքօգտագործման եւ ուսումնասիրության իրավունքի թույլտվություն տրամադրելու համար համապատասխան նախագծերը եւ անհրաժեշտ մյուս փաստաթղթերը կազմելու, ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման գործընթացը կազմակերպելու ու դրական արդյունք ապահովելու իրավաբանական անձանց ներկայացուցիչների առաջարկը:
Մասնավորապես, համաձայնության գալով տվյալ պետական մարմնում կազմակերպական-տնօրինչական եւ վարչատնտեսական գործառույթներ իրականացնելու իրավասությամբ օժտված անձանց ընդերքօգտագործման թույլտվության տրամադրման ոլորտը համակարգող ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գեւորգյանի, նույն նախարարության «Ընդերքի գործակալության» պետի պաշտոնակատար Անուշավան Այվազյանի, նույն գործակալության ընդերքօգտագործման իրավունքի ձեւավորման բաժնի պետ Գագիկ Հարոյանի հետ, կաշառքի դիմաց, իր լիազորությունների շրջանակներում օրենքով սահմանված հնարավոր բարենպաստ պայմաններում եւ ժամկետներում իրավաբանական անձանց փաստաթղթերը կազմելու ու ընդերքօգտագործման իրավունքի թույլտվություն տալու դիմաց, իրեն դիմած եւ կաշառք տալու ցանկություն հայտնած իրավաբանական անձանց ներկայացուցիչներից, խմբի կազմում, ինչպես նաեւ անձամբ ստացել է զգալի, խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով գումարներ, որոնք հետագայում բաշխել է խմբի անդամների միջեւ:
Նախարարության պաշտոնատար անձանցից բացի մեղադրյալի աթոռին են հայտնվել ընդերքօգտագործման ոլորտում ՍՊ տնօրեններ:
Մասնավորապես, Ասլան Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Քարհանք» ՍՊ ընկերության տնօրենը, ընկերությանն ընդերքօգտագործման իրավունք տրամադրելու գործընթացը սկսելու համար անհրաժեշտ փաստաթղթեր կազմելու, տվյալ գործընթացի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված շրջանակներում հնարավոր բարենպաստ պայմանենրում եւ ժամկետներում դրական արդյունքն ապահովելու նպատակով պաշտոնատար անձ հանդիսացող, ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության /ներկայումս՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն/ «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱ կազմակերպության տնօրեն Գեւորգ Սրապիոնի Հովսեփյանին 7 փուլով ընդհանուր 6800 ԱՄՆ դոլար գումար է տվել, որի մի մասը՝ 2900 ԱՄՆ դոլարը, Գ. Հովսեփյանն ուղղել է ընդերքօգտագործման թույլտվության իրավունք ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր կազմելուն, իսկ առանձնապես խոշոր չափերով՝ 1.876.563 (մեկ միլիոն ութ հարյուր յոթանասունվեց հազար հինգ հարյուր վաթսուներեք) ՀՀ դրամին համարժեք 3900 ԱՄՆ դոլարը, համաձայն ձեռք բերված նախնական համաձայնության, որպես կաշառք բաժանել է խմբի անդամներին՝ 1900 ԱՄՆ դոլարը պահելով իրեն, 1000 ԱՄՆ դոլարը 27.04.2018թ.-ին տալով նույն նախարարության «Ընդերքի գործակալության» ընդերքօգտագործման իրավունքի ձեւավորման բաժնի պետ Գագիկ Հարոյանին, 1000 ԱՄՆ դոլարը 2018 թվականի դեկտեմբեր ամսին տալով նույն նախարարության ընդերքի ոլորտը համակարգող նախարարի տեղակալ Վարդան Գեւորգյանին:
Վերոնշյալ պաշտոնյաները հայտնվել են մեղադրյալի աթոռին, եւ վերջիններիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին: Այս գործը դատարանում քննելու է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: