Ասուլիսում կար մի նուրբ պահ, որը մատնեց Նիկոլ Փաշինյանի այսօրվա հոգեվիճակը. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է.
«Արդեն կասկած չկա, որ վիրուսը վերահսկողությունից վաղուց դուրս է եկել, եւ հիմա ամեն ինչ ինքնահոսի է մատնված։ Ոչ միայն կանխարգելիչ աշխատանքները, կարանտինային շրջանն էին անպտուղ ու բացթողումներով լի, այլեւ վտանգի հանդեպ իշխանության անպատասխանատու վերաբերմունքը չափազանց մեծ էր։
Ժամանակին քամահրանքով ու ցինիկ հայտարարություններով կորոնավիրուսը դիմավորած Հայաստանի կառավարությունն այսօր չի կարողանում անգամ հասարակ հսկողություն իրականացնել ծերանոցներում, որ վարակն այնտեղ միանգամից 40 մարդու չթիրախավորի։
Ու մինչ մեր հարեւան Վրաստանում «երջանիկ պատահականությամբ» երեկ արձանագրվել էր ընդամենը 6 նոր վիրուսակիր, մեզ մոտ նոր ռեկորդ սահմանվեց՝ 351 նոր վարակակիր։ Սակայն մեր կառավարությունը, պարետատունը հանգիստ, անվրդով սպասում են, թե երբ ենք աշխարհի մակարդակով վարակվածների թվով բարձր հորիզոնականներ զբաղեցնելու։ Գուցե հետագայում դա էլ 100 փաստերից մեկում ընդգրկվի։
Երեկվա տվյալները չհաշված` վիրուսակիրների ամենամեծ թիվն արձանագրվեց այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը 100 «փաստով» ասուլիս էր հրավիրել։ Արժե՞ հիշեցնել, որ ամեն ինչ «փաստի» անվան տակ ներկայացնելուց, «փուչիկ» տեղեկությունները ձեռքբերում համարելուց առաջ նա նաեւ պիտի բացատրեր, թե այդ ինչպես եղավ, որ վիրուսը «շան տեղ» դնող վարչապետն այլեւս ընդունակ չէ հոգալու հանրային առողջության մասին։ Ինչպե՞ս է ստացվում, որ մեր անմիջական հարեւան Վրաստանին հաջողվում է կտրուկ նվազեցնել վիրուսակիրների թիվը, իսկ մեզ մոտ իրավիճակն անկառավարելի է դառնում։ Սակայն Փաշինյանին այլեւս հետաքրքիր չեն թվերը, 1000 վիրուսակիր էլ մեկ օրում արձանագրվի, դարձյալ մի աներեւակայելի բացատրություն կգտնվի։
Ողջ ասուլիսում կար մի նուրբ պահ, որը մատնեց Նիկոլ Փաշինյանի այսօրվա հոգեվիճակը, որից էլ բխում են այն բոլոր խնդիրները, որոնց առջեւ այսօր կանգնած ենք։ Հարցին` ինչպե՞ս է ստացվել, որ ում հետ ճանապարհ է անցել՝ լրագրողներ, ՀԱԿ, «Լուսավոր Հայաստան», այսօր նրանց հետ խնդիրներ ունի, ի պատասխան ասաց. «Երբեք չեմ վախեցել մենակ մնալ... շարունակում եմ չվախենալ մենակ մնալ»։ Սա ինքնախոստովանություն է։ Եթե որպես քաղաքական գործիչ, լրագրող մենակ ես մնում քո համոզմունքների հետ, դա քո եւ այդ շրջանակի խնդիրն է, բայց երբ երկրի ղեկավարն է մենակ մնում, չկան թիմակիցներ, գաղափարակիցներ, չկան գաղափարներ, նշանակում է երկիրը դարձել է այդ մեկ մարդու ցանկությունների ու պատկերացումների գերին։
Պետության ղեկավարը չի կարող մենակ լինել ու դրանից չվախենալ։ Կառավարության աշխատանքը ենթադրում է թիմային մոտեցում, մեկ մարդը չի կարող գլուխ հանել ամեն ինչից ու ամեն ինչ վերաբերյալ ճիշտ որոշում կայացնել։ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսում պատասխանեց բոլոր քննադատություններին՝ ցույց տալով ծառացած խնդիրների ակունքը։ Նա մենակ մնալուց չի վախենում, բայց չի էլ գիտակցում, որ դա իսկական դժբախտություն է պետության ղեկավարի համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: