Հայաստանն առաջ է անցել ԵՏՄ գործընկերներից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջնականապես ամփոփվել է 2019 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը և այն ուղարկվել Ազգային ժողովին: Ըստ այդմ, ՀՆԱ-ի իրական աճը Հայաստանի Հանրապետությունում 2019 թվականին արձանագրվել է 7․6 %-ի մակարդակում, ինչը 2․7 %- ային կետով գերազանցում է պետական բյուջեով 2019 թվականի համար ծրագրված մակարդակը:
Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունը տնտեսական աճի 2019 թվականի ցուցանիշով առաջատար է ԵՏՄ գործընկեր-երկրների, Վրաստանի և Ադրբեջանի հետ համեմատությամբ։ Մասնավորապես, ՀՀ-ում ՀՆԱ-ի 7․6 % իրական աճի պարագայում, Ռուսաստանի Դաշնությունում արձանագրվել է ՀՆԱ-ի 1․3 % իրական աճ, Բելառուսի Հանրապետությունում՝ ՀՆԱ-ի 1․2% իրական աճ, Ղազախստանում՝ ՀՆԱ-ի 4․5 % իրական աճ, Ղրղզստանում՝ ՀՆԱ-ի 4․5 % իրական աճ, Ադրբեջանում՝ ՀՆԱ-ի 2․3% իրական աճ և Վրաստանում՝ ՀՆԱ-ի 5․1 % իրական աճ։
Արտաքին ապրանքաշրջանառությունը 2019 թ․ կազմել է 8154․1 մլն ԱՄՆ դոլար՝ 2018թ․ համեմատ աճելով 10․6 %-ով: Միջին գնաճը 2019 թվականին արձանագրվել է 1․4 %-ի մակարդակում՝ պետական բյուջեով ծրագրված 3․5 %-ի, իսկ գնաճը ժամանակաշրջանի վերջում 2019 թվականին կազմել է 0․7 տոկոս: Այսինքն, 2019 թվականը ՀՀ կառավարությունը հաջող է ավարտել: Եվ նկատենք, սա միակ տարին է, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն ամբողջական է աշխատել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: