Ամուլսարը՝ «դամոկլյան սուր» իշխանության համար. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Ամուլսարի հանքի շահագործումը շարունակում է գործող իշխանության համար «դամոկլյան սրի» կարգավիճակում մնալ, քանի որ, ըստ էության, ոչ մի կարգավորում եւ հստակ ընթացակարգ կառավարությունը չունի եւ ամենայն հավանականությամբ առաջիկայում չի ունենալու։
Փաստացի կառավարությունն այսօր դժվար դիլեմայի առջեւ է հայտնվել. մի կողմից՝ էկոլոգիական ռիսկերն են, որոնք ունեն բնապահպանական լուրջ ուսումնասիրության կարիք, մյուս կողմից՝ հարցի ֆինանսական եւ սոցիալական կողմը. խոսքը մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրման, ինչպես նաեւ բազմաթիվ աշխատատեղերի մասին է: Սակայն, ըստ ոլորտի փորձագետների, հարցի նկատմամբ այնպիսի մոտեցում, ինչպիսին ունի օրվա իշխանությունը, այն է՝ առայժմ արհեստականորեն ժամանակ ձգել, հարցի լուծում չէ:
Մեզ հետ զրույցում մի քանի մասնագետներ նշում էին, որ այսպես թե այնպես, ի վերջո լուծումներ գտնելուց խուսափել հնարավոր չէ, ուստի ժամանակ կորցնելն ու անորոշությունը լավագույն ուղին չեն։
Ի դեպ, ուսումնասիրողների կարծիքով, ամենամեծ վտանգներից մեկն այն է, որ հանքի շահագործման դեպքում օգտագործված, արտանետված ջրերը պոչամբարների միջոցով անցնելու են հողի մեջ, քանի որ դիրքը գոգավոր է եւ հիշեցնում է կատլավան։
Այսպես, ջրերը, ներծծվելով ընդերք, այնտեղ կարող են խառնվել Ջերմուկի հանքային ջրերի հետ, դե, իսկ հետեւանքների մասին խոսելն այս պարագայում անիմաստ է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: