Սամվել Բաբայանն ու իր թիմակիցները պաշտոններ կստանան. Լյովա Մնացականյանն ուղիներ է որոնում, որ մնա. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը եւ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ թիմային ձեւաչափով հանդիպում են ունեցել, մինչ այդ Բաբայանն ու Հարությունյանը պաշտոնական մեկ հանդիպում էլ էին ունեցել։
«Քննարկումների առանցքում ծրագրային սկզբունքային դրույթներն էին, ոլորտային բարեփոխումների ընդհանուր տեսլականը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ «Միասնական հայրենիք» եւ «Ազատ հայրենիք» կուսակցությունների ներկայացուցիչներից ձեւավորել աշխատանքային խումբ՝ հանգամանորեն ուսումնասիրելու եւ մշակելու երկուստեք ընդունելի եւ կիրառելի զարգացման ծրագիր՝ համերաշխության, անվտանգության, սոցիալական բարեկեցության սկզբունքով»,- ասվում էր Բաբայանի թիմի տարածած հաղորդագրության մեջ։
Արդեն կասկած չկա, որ Արցախի նորընտիր իշխանությանը պառլամենտում մեծամասնություն կազմելու հարցում աջակցելու է Սամվել Բաբայանը, չնայած այդ համագործակցությունը հնարավոր է «կոալիցիա» անվանումը չստանա, բայց Բաբայանն ու իր թիմակիցներն առանցքային պաշտոններ կզբաղեցնեն։
Նույնիսկ քննարկվում է Բաբայանի՝ Արցախի ԱԱԽ քարտուղար նշանակվելու հարցը․ երեկ նախագահը ստորագրեց Արշավիր Ղարամյանի՝ այդ պաշտոնից ազատվելու դիմումը, որը նա ներկայացրել էր մեկ շաբաթ առաջ։ Արայիկ Հարությունյանը մտադիր է փոխել ուժայինների ղեկավարներին, բացառությամբ ՊԲ հրամանատարից, ում թեկնածությունն արժանացել է ՀՀ իշխանությունների հավանությանը։ Ոստիկանապետ Լյովա Մնացականյանը պաշտոնին մնալու ուղիներ է որոնում, բայց նրան փոխարինողի անունն են արդեն քննարկում՝ նրա տեղակալ Աշոտ Հակոբջանյանի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: