Ֆրանսիայում 30 տարվա ընթացքում առաջին անգամ վեցյակ է ծնվել
30 տարվա ընթացքում առաջին անգամ Ֆրանսիայում վեցյակ է ծնվել՝ հինգ աղջիկ եւ մեկ տղա: Այս մասին հայտնում է RTL ռադիոկայանը:
Ինչպես հայտնում է «Գազետա»-ն՝ մայրը, ում անունը չի նշվում, հղիացել է ձվարանների խթանումից հետո: Վեցյակը լույս աշխարհ է եկել Ստրասբուրգի հիվանդանոցում՝ կեսարյան հատման միջոցով:
Երեխաները վաղաժամ են ծնվել եւ կշռում էին 630-ից 730 գրամ: Նրանք տեղափոխվել էին նեոնատալային վերակենդանացման բաժանմունք, եւ նրանց մասին հոգ էր տանում 30 մասնագետից բաղկացած խումբը:
Հայտնի է, որ մայրը եւս երկու մեծ երեխա ունի:
Նշենք, որ վերջին անգամ վեցյակ Ֆրանսիայում ծնվել էր 1989 թվականին Փարիզի հիվանդանոցներից մեկում: