Լյուբով Ուսպենսկայան կորցրել է մտերիմներին, որոնք մահացել են կորոնավիրուսից
Երգչուհի Լյուբով Ուսպենսկայան հայտնել է, որ իր մտերիմները, որոնք արտասահմանում են ապրում, մայացել են կորոնավիրուսի հետեւանքով, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը: Սոցիալական ցանցում ուղիղ եթերի ընթացքում արտիստը խոստովանել է, որ այս սարսափելի հիվանդության զոհ են դարձել իր որոշ ծանոթներ։
«Ելք չկա։ Եվ դա, իսկապես, լուրջ է։ Խնդրում եմ, մի մտածեք, թե սա խուճապ է կամ բարբաջանք… Իսկ այսօր ես իմացա արտասահմանում իմ մտերիմների մահվան մասին»,- հայտարարել է Ուսպենսկայան՝ չնշելով, թե ում մասին է խոսքը։
Նա նաեւ հայտնել է, որ իր որոշ ընկերներ, որոնք այլ երկրներում են ապրում, հիմա հիվանդ են եւ բուժում են անցնում։ Երգչուհին սկեպտիկներին խնդրել է չկասկածել, որ պանդեմիա առկա է. «Ով կարծում է, թե այս ամենը դատարկ բան է, այդպես չէ»։
Արտիստը պատմել է նաեւ ինքնամեկուսացման ընթացքում իր առօրյայի մասին։ Մասնավորապես խոստովանել է, որ տան անձնակազմն ու օգնականներն այս ընթացքում նրա ընտանիքին են դարձել։