Վարորդները հրահանգ ունեն՝ կանոններին չհետևող ուղևորների առկայության դեպքում ընդհատել մեքենայի ընթացքը. Հայկ Մարության
Այսօրվանից Երեւանի հանրային տրանսպորտը վերսկսում է աշխատանքը հատուկ ռեժիմով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Տեղյակ եք, որ ՀՀ պարետի որոշմամբ, տրանսպորտի աշխատանքի համար գործելու են հատուկ կանոններ՝ նվազեցնելու վարակի ռիսկը:
-Մասնավորապես, տրանսպորտային միջոցում ՊԱՐՏԱԴԻՐ պետք է գտնվել դիմակով: Արգելվում է նաեւ վերգետնյա տրանսպորտում կանգնած ուղեւորներ տեղափոխելը՝ բացառությամբ տրոլեյբուսների։
Կանոնների խախտման դեպքում ոստիկանները կարող են կանգնեցնել հանրային տրանսպորտի միջոցը, իջեցնել ուղեւորներին եւ մեքենան տեղափոխել տուգանային հրապարակ, որտեղ տուգանքի կենթարկվի վարորդը եւ/կամ ուղեւորափոխադրող ընկերությունը:
Վարորդները հրահանգ ունեն՝ կանոններին չհետեւող ուղեւորների առկայության դեպքում ընդհատել մեքենայի ընթացքը՝ մինչեւ խախտման վերացումը:
Վստահ եմ, որ երեւանցիները կդրսեւորեն սոցիալական բարձր պատասխանատվոթյուն, խստորեն կհետեւեն սահմանված կանոններին՝ քաղաքային երթեւեկության մեջ լրացուցիչ բարդություններ չստեղծելու համար:
Խնդրում եմ, ներողամիտ լինել ժամանակավոր անհարմարությունների համար՝ այն գիտակցությամբ, որ այս միջոցառումներն արվում են հանուն հանրային առողջության ու անվտանգության պահպանման:
Առո՛ղջ եղեք»: