Ինչպե՞ս է ստացվել, որ վարչապետ Փաշինյանն ում հետ ճանապարհ է անցել, օրինակ՝ լրագրողներ, «Լուսավոր Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» և այլն, հիմա բոլորի հետ հարաբերություններում խնդիրներ են առաջացել, ո՞րն է պատճառը
Ինչպես արդեն նշել էինք, այսօր՝ մայիսի 16-ին, ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակում էր 4-րդ 100 փաստը Նոր Հայաստանի մասին: Կայացավ նրա 8-րդ ասուլիսը, որից հետո նա պատասխանեց նաև լրագրողների՝ նախօրոք առցանց ուղարկված հարցերին:
Ես այդ թեման ամենայն մանրամասնությամբ և բաց քննարկել եմ Ռուսաստանի նախագահի հետ, այդ թեմայով մենք ձեռք ենք բերել շատ հստակ պայմանավորվածություններ: Այս մասին իր մեծ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ ռուսական կողմից ամենաբարձր մակարդակով հնչում են դժգոհություններ Հայաստանում ռուսական կապիտալով ընկերությունների շուրջ ընթացող իրավական գործընթացների վերաբերյալ:
«Մնում է ի կատար ածենք այդ պայմանավորվածությունները, որը հաշվի կառնի մեր երկրների հարաբերությունների շահերը»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ռուսական կողմի հետ հարաբերություններում առկա խութերին եւ խնդիրներին, Փաշինյանն ասաց. «Մենք ունենք շատ հարուստ օրակարգ եւ մեր հարաբերությունների օրակարգի հարցերը լուծելով առաջ ենք գնում: Որն ինչ տարբերակով կլուծենք, մի հարցը կլուծվի հնարավոր ամենալավ տարբերակով, մյուսը՝ կոմպրոմիսային տարբերակով... բոլոր դեպքերում պետք է լինի կոմպրոմիս եւ փոխըմբռնում: Ես համոզված եմ, որ դա կլինի»:
Ինչպե՞ս է ստացվել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ում հետ ճանապարհ է անցել, օրինակ՝ լրագրողներ, «Լուսավոր Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» և այլն, հիմա բոլորի հետ հարաբերություններում խնդիրներ են առաջացել, ո՞րն է պատճառը։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Առվազն քաղաքական հատվածներում պատճառները շատ բացահայտ եւ հրապարակային են եղել ուղղակի երբ եկել են վճռական պահեր, ես նրանից առաջ էլ ունեցել եմ Հայաստանում քաղաքական փոփոխություններ իրականացնելու իմ սեփական պատկերացումները։ Այդ պատկերացումները որոշակի հատվածով համընկել են նաեւ մի շարք քաղաքական ուժերի պատկերացումների հետ եւ մի պահից այդ պատկերացումները դադարել են գոյություն ունենալ։ Եթե խոսվում է անցած ճանապարհի մասին, երեւի թե իմ անցած ամենակարեւոր ճանապարհը, իմ քաղաքական գործունեության ընթացքում, եղել է 2018 թվականի մարտի 31-ին՝ Գյումրիից սկսած ճանապարհը եւ այդ ժամանակ մենք համախոհների փոքր խմբով ենք իրականացրել։ Նախկինում «Լուսավոր Հայաստանի» եւ «Հայ ազգային կոնգրեսի» հետ «Ելք» դաշինքի շրջանակներում քաղաքական հարաբերությունների խզումը եղել է քաղաքական զարգացումների, պատկերացումների շուրջ ունեցած տարաձայնությունների առիթը։ «Հայ ազգային կոնգրեսի» պարագայում այդ առիթը եղել է հայտնի եռյակ, քառյակի տրամաբանությունը, դրանից առաջ էլ՝ բուրժուադեմոկրատական հեղափոխության տեսության հետ կապված իմ անհամաձայնությունը։
«Լուսավոր Հայաստանի» հետ տարաձայնությունները գագաթնակետին են հասել այն բանի ժամանակ, երբ «Ելք» խմբակցությունում քննարկում էինք, որ պետք է Հայաստանում Սերժ Սարգսյանի վերարտադռրությունը թույլ չտալուն ուղղված շարժում սկսենք եւ այդտեղ արձանագրվեց շատ խորը գաղափարական հայեցակարգային տարաձայնություններ։ Կարծում եմ՝ կյանքը ցույց տվեց, որ այս մասով Հայաստանում քաղաքական փոփոխություններ իրականացնելու բանաձեւի մասով իմ պատկերացումներն ավելի ճիշտ դուրս եկան, քան իմ հարգարժան գործընկերների պատկերացումները։
Պատճառներից մեկը եղել է այն, եւ այդ պատճառը կարող է գոյություն ունենալ, որ քաղաքական գործունեության մեջ ես երբեք չեմ վախեցել միայնակ մնալ, իմ քաղաքական գործունեության ընթացքում եղել են այդպիսի կոնկրետ պահեր, որ երբ ինձ հարցրել եմ՝ ովքե՞ր են այս պահին իմ քաղաքական համախոհները, ունեցել եմ մի պատասխան՝ իմ ընտանիքը։ Նկատի ունեմ այդ քաղաքական գործընթացում ես երբեք չեմ վախեցել, որ կարող եմ միայնակ մնալ»։
Անդրադառնալով լրագրողական հանրության հետ անցած ճանապարհին՝ վարչապետն ասաց. «Իմ լրագրողական գործունեությունը հենց սկզբից իր մեջ ունեցել է կարեւոր գաղափարախոսական եւ քաղաքական կոմպոնենտ։ Իմ լրագրողական գործունեությունը ես ընկալել եմ ինչ-որ չափ որպես քաղաքական գործունեության մաս։ Հնարավոր է, որ շատ լրագրողներ ինձ 100 տոկոսանոց լրագրող չեն էլ ընդունել։ Հիմա ես լրատվամիջոցների հետ շփվում եմ արդեն որպես երկրի ղեկավար՝ սրանից բխող իր բարդություններով»։