Թրամփը հայտարարել է «սուպեր-պուպեր հրթիռ» ստեղծելու մասին
Միացյալ Նահանգները մշակում են «սուպեր-պուպեր հրթիռ», որը կզարգացնի 17 անգամ ավելի մեծ արագություն, քան ներկայում գոյություն ունեցող բոլոր անալոգները: Այդ մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը կայացած ԱՄՆ Տիեզարական ուժերի նոր դրոշի ներկայացման արարողության ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այժմ մենք ստեղծում ենք անհավանական ռազմատեխնիկա,-ասել է նա:-Ես անվանում եմ այն սուպեր-պուպեր հրթիռ: Եւ ես վերջերս լսել եմ, որ այն 17 անգամ ավելի արագ է ներկայում գոյություն ունեցող բոլոր ուրիշ հրթիռներից»:
«Եթե դուք լսել եք, որ Ռուսաստանն ունի հրթիռներ, որոնք 5 անգամ ավելի արագ են կամ Չինաստանն աշխատում է 5 կամ 6 անգամ ավելի արագ հրթիռների շուրջ, ապա մենք այժմ ունենք 17 անգամ արագ հրթիռ»,-պնդել է Սպիտակ տան ղեկավարը: «Դա [հրթիռը] աշխարհում ամենաարագն է, շուրջ երեք անգամ արագ է [ի տարբերություն ռուսական կամ չինական հրթիռների]»,-հավելել է նախագահը: Թրամփը չի պարզաբանել, թե մասնավորապես որ հրթիռային սպառազինության մասին է խոսքը: