Լավրովն առաջարկել է չբղավել՝ «գողին բռնիր» եւ COVID-19-ի դեմ պատվաստանյութ ստեղծել
Արժե, որ համաշխարհային հանրությունը կենտրոնանա կորոնավիրուսի դեմ դեղի մշակման վրա եւ միայն դրանից հետո պարզի դրա ծագումը: Այս մասին ՌԲԿ-ի հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ինձ թվում է, որ հիմա բոլոր ուժերը պետք է կենտրոնանան ոչ այն բանի վրա, որ բղավեն՝ «գողին բռնիր», այլ այն բանի վրա, որ միավորվեն եւ պատվաստանյութը հնարավորինս արագ ստեղծեն»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով Չինաստանին ուղղված կորոնավիրուսի մասին տեղեկությունները թաքցնելու ԱՄՆ մեղադրանքների վերաբերյալ հարցին:
ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Ռուսաստանը «արդարության եւ ողջախոհության կողմում է», եւ ենթադրում է, որ չի կարելի որեւէ մեկին առանց ապացույցների մեղադրել: Լավրովը հիշեցրել է, որ Չինաստանը կորոնավիրուսի մասին տեղեկությունները հրապարակայնացրել է դեռեւս 2019 թվականի դեկտեմբերին, երբ համոզվել է, որ դա իսկապես համաճարակ է, իսկ հունվարին իրավիճակն արդեն քննարկել են ԱՀԿ-ի հետ: «Փետրվարի սկզբին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այցելել է Ուհան «...»: Այնպես որ, ասել, թե Չինաստանն ԱՀԿ-ի առաջ փակվել է կամ որեւիցե տեղեկություն թաքցրել՝ նվազագույնը կոռեկտ չէ»,- հավելել է Լավրովը:
ԱՄՆ պաշտոնատար անձինք բազմիցս հանդես են եկել Պեկինին ուղղված կորոնավիրուսի մասին տեղեկությունները թաքցնելու մեղադրանքներով: Այն մասին, որ SARS-CoV-2-ն արհեստական ծագում ունի, նույնպես ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Մայիսի կեսին ԱՄՆ մի խումբ սենատորներ Սենատի քննարկմանն են ներկայացրել օրինագիծ, որով Չինաստանի դեմ պատժամիջոցներ են նախատեսվում կորոնավիրուսի պատճառով: Չինաստանի դեմ սահմանափակող միջցառումները մտցվելու են, եթե Պեկինը ամբողջական տեղեկություններ չտրամադրի կորոնավիրուսի համավարակ առաջացրած իրադարձությունների մասին: Պատժամիջոցներով նախատեսվում է նաեւ ակտիվների սառեցում, մուտքի վիզաների անվավեր ճանաչում եւ մուտքի արգելք:
Դրանից հետո Թրամփը հնարավոր է համարել, որ Վաշինգտոնը կարող է կորոնավիրուսի պատճառով Չինաստանի հետ դիվանագիտական հարաբերություններն ամբողջությամբ խզել: Ռուսական ԱԳՆ-ում մտահոգություն են հայտնել ամերիկյան իշխանությունների նման հռետորաբանության կապակցությամբ եւ ԱՄՆ-ին կոչ են արել «ամբողջ համաշխարհային հանրությանը չպարտադրել հակաչինական բանավեճ»: