Կոմիտաս 5-ի ապօրինությունների հիմքը դրվել է Երվանդ Զախարյանի քաղաքապետ լինելու ժամանակ
Այսօր Կոմիտաս 5-ի բնակիչները բացօթյա ասուլիսի ժամանակ խոսեցին կառուցվող շենքի և ապօրինություների մասին: Բացօթյա ասուլիսի ժամանակ բնակիչներից Գոհար Սահակյանի խոսքով` իրենք ապօրինությունների դեմ պայքարում են 2010 թվականից: Ապօրինությունների հիմքը դրվել է 2005 թվականից, երբ Երևանի քաղաքապետ էր Երվանդ Զախարյանը:
Բնակչի խոսքով' հենց Երվանդ Զախարյանի որոշումով հիմք դրվեց ամբողջ ապօրինություններին: Շինթույլտվության մեջ ենթակայանը թույլատրված էր երկու հարկով, մինչդեռ Երվանդ Զախարյանի որոշման մեջ ենթակայանը նախատեսված է եղել մեկ հարկանի:
Գոհար Սահակյանի խոսքով' ի սկզբանե շինարարությունն ապօրինի է եղել:Շինթույլտվության բլանկի վրա հանրային լսումների և հարակից տարածքի բնակիչների համաձայնության տողերը չունեն որևէ գրառում, ինչը վկայում է մեր համաձայնության բացակայության մասին: Այդ որոշման հիման վրա տրված 2010թ. շինթույլտվությունը ոչ մի պարամետրերով չէր համապատասխանում գործող շինարարության նորմերին: