Մի ջութակ ու մի քանի վրձին, և անասնագոմի տարածքում ապրող ընտանիքը երջանիկ կլինի (լուսանկարներ, տեսանյութ)
«...Չորս պատի մեջ հաց էին ուտում, լվացք էին անում, քնում էին, տրեխները հանում էին, ոտքերը լվանում էին ապին, նանը, Ադամը, Մանեն, Սիմոնը, Արփիկը, Արաքսին, Սիրանը, Հակոբը, Հրաչիկը, Սվետիկը,Ամալյան, Վազգենը, ինքը, Հովըտի բարեկամները, Դսեղի բարեկամները, Խաչերի բարեկամները, միրգ ծախելու եկած ղազախեցիք... »
Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» ստեղծագործության հատկապես այս հատվածն է հիշեցնում տիկին Գայանե Առաքելյանի ընտանիքի պատմությունը: 5 երեխաների մայրն ու ազատամարտիկի կինն ապրում է Մեծամոր քաղաքի մի փոքրիկ սենյակում, որն իրականում անասնագոմի տարածք է:
Կինը հիմքից ինքն է կառուցել այն փոքրիկ սենյակը, որտեղ ամեն առավոտ արթնանում, օրն անցկացնում ու քնում են իրենք 7-ով: Տիկին Գայանեն հարազատներ գրեթե չունի: Միակ քույրն ապրում է Սիրիայում, ումից երկար ժամանակ է' տեղեկություն չունի. «զանգում ենք, անհասանելի է»: Կնոջ հույսն ու ապավենը նրա ամուսինն է' ազատամարտիկ Մարատ Գալստյանը: Վերջինս Արցախյան պատերազմի ընթացքում կորցրել է տեսողությունը. մի աչքն ընդհանրապես չի տեսնում, մյուսը՝ տեսնում է ընդամենը 30 տոկոսով: Պարոն Գալստյանը պատերազմի ընթացքում վնասել է նաև ձեռքը: Հենց այս պատճառներով է, որ հիմնական աշխատանք գտնել չի կարողանում:
Չնայած դժվարություններին' տիկին Գայանեն չի հանձնվում, ամեն ինչ անում է, որ երեխաները մարդ մեծանան: Մեծ դստերը' 13-ամյա Հասմիկին ջութակի դասերի է ուղարկում, երկրորդ դստերը' 12-ամյա Տաթևին' շվի նվագելու դասերի, 10-ամյա Լիլյան կարողանում է երկու ձեռքով նկարել, իսկ ահա փոքրիկ Մանեն երգում է, հիմնականում՝ մայրիկի մասին:
Հասմիկ, 13տ. ջութակ է նվագում
Տաթև, 12տ. շվի է նվագում
Լիլյա, 10տ. Երկու ձեռքով նկարում է
Մանե, 8 տ. երգում է
Ընտանիքը, սակայն, միայն աղջիկներով չի սահմանափակվում. տիկին Գայանեն 40 տարեկանում լույս աշխարհ է բերել նաև փոքրիկ Ռուդիկին, ով 9 ամսական է: Տղան քույրերի ուրախությունն է, ամեն կերպ նրանք հոգ են տանում եղբոր մասին, նույնիսկ փոխում նրա տակաշորերը:
Ռուդիկ, 9ամսական
Փոքրիկներից յուրաքանչյուրն իր թաքուն երազանքն ունի, որի մասին մեզ հաջողվեց իմանալ, սակայն դրա մասին ավելի ուշ:
Տիկին Առաքելյանը մեզ պատմեց, որ ստանում է 53.000 դրամ նպաստ' երեխաների համար, իսկ ահա ամուսինը' որպես ազատամարտիկ գումար չի ստանում, փաստաթղթերի հետ կապված խնդիրներ կան: Այս հարցով նա դիմել է ԱԺ Հանրապետական պատգամավոր Շուշան Պետրոսյանին, նրա հորաքրոջը' Ալվարդ Պետրոսյանին, բայց ապարդյուն: Կինն ամուսնուն նույնպես մեղադրում է. «Ժամանակին չհետևեց իր թղթերին, ասաց' ես, ես, ես կանեմ, ինձ պետք չի...»:
Հիմա ընտանիքն ապրում է ընդամենը 53 հազար դրամ նպաստով. երեխաներից յուրաքանչյուրին 10-20 գիրք է անհրաժեշտ, դրան գումարած աշխատանքային տետրերը, էլ չասած այն, որ երեխաներից մեկին երաժշտական գործիքներ են պետք, մյուսին' նկարչական պարագաներ: Տիկին Գայանեն վստահեցնում է, որ Մեծամորի քաղաքապետարանը գումար է փոխանցել դպրոցին' գոնե երեխաների գրքերն անվճար տրամադրելու համար: Սակայն դպրոցի տնօրեն տիկին Արեգնազ Առաքելյանը Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ քաղաքապետարանից այս պահի դրությամբ գումար չեն ստացել, գուցե կստանան, բայց երաշխավորեց, որ բացի տարրական դասարաններում սովորող Մանեից և Լիլյայից, մյուս երկու աղջիկը' Տաթևը և Հասմիկը ևս անվճար դասագրքեր կստանան:
Փոքրիկներն էլ իրենց երազանքն ունեն. Հասմիկը երազում է ջութակի ուսուցչուհի դառնալ. «Եթե այնպես դասավորվի, որ դառնամ ջութակի ուսուցիչ, կարող է դառնամ աշխարհահռչակ ջութակահարուհի»: Մեզ հետ զրույցում տիկին Գայանեն ասաց, որ Հասմիկին նոր ջութակ է անհրաժեշտ, որն արժե մոտավորապես 50 000 դրամ, բայց ինչպես կարող են 50 000 դրամ տրամադրել միայն ջութակին, եթե ամիսը 53 000 դրամ են ստանում և դրանից վճարում և' կոմունալ վարձերը, և' իրենց ամենօրյա ապրուստը: Դրանից բացի, երեխաներին հագուստ է անհրաժեշտ, սնունդ և այլն: Բայց չնայած այս ամենին՝ տիկին Գայանեն ոչ մեկից ոչինչ չի խնդրում. «Ես գիշերները կար եմ անում, որ հասցնեմ, հասցնում եմ, փառք Աստծո, ամեն ինչ անում եմ, որ երեխաներս մարդ մեծանան, ոչ մի բանի պակաս չունենան: Երազում եմ երեխաներիս մեծ բեմերում տեսնել»: Ինչ վերաբերում է ջութակի անհարմար լինելուն, ապա ինքը Հասմիկը մեզ ասաց. «Ինձ այդքան էլ հարմար չէ, նվագում եմ, փորձում եմ հարմարվել»:
Մյուս աղջիկը' Տաթևը, 4 տարի է, ինչ շվի է նվագում, և հույս ունի, որ հայտնի շվի նվագող է դառնալու: Ընտանիքի մյուս դուստրը' Լիլյան, նկարում է և նկարչուհի դառնալ է ուզում: Բայց փոքրիկին նկարչական պարագաներն են պակասում. Վրձինները փչացել են, վրձիններ են պետք, յուղաներկեր, մատիտներ, որոնք ինքը հիմա չունի: Ամենակրտսեր դուստրն էլ' Մանեն, երգում է, մայրիկի մասին է երգում, մայրիկի սովորեցրած երգն է երգում, «Մայրիկ» է երգում...
Հ. Գ. Եվ ի՞նչ է պետք այս արևներին աշնանը վառ պահելու համար. մի լարած ջութակ, մի քանի վրձին ու հոգատար մի մայր...
Պատրաստեց` Աստղիկ Հովհաննիսյանը