Դժգոհություններ՝ համատարած վեթինգից հրաժարվելու պատճառով. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստ» թերթի տեղեկություններով, դատական համակարգում համընդհանուր վեթինգից հետքայլ անելու շուրջ բավականին բուռն քննարկումներ են եղել իշխանության ներսում, քանի որ, ըստ մեր ունեցած տվյալների, իշխանության ավելի ծայրահեղական հատվածը հակված է եղել կոշտ մեթոդներով իրավակարգավորումներին եւ երկու ձեռքով նպատակադրված է եղել անցումային արդարադատության եւ դատաիրավական ոլորտում վեթինգ իրականացնելու հարցում։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, այս հարցը հատկապես ցավոտ են ընդունել ՀԱԿ շրջանակները, քանի որ դա նրանց համար օրակարգային նշանակություն ունեցող հարց է եղել: Արդյունքում հենց ՀԱԿ ներկայացուցիչներն ու հակամերձ անձինք են ամենասուր քննադատության ենթարկում արդարադատության նախարարին:
Նախօրեին տեղի ունեցած մի փակ քննարկման ժամանակ, ըստ մեր տեղեկությունների, ոչ ծայրահեղական ճանապարհի կողմնակիցները իրենց հակառակ բեւեռի ներկայացուցիչներին փորձել են վստահեցնել, որ համատարած վեթինգի դեպքում դատական համակարգը կկանգներ կոլապսի առաջ:
Շահագրգիռ մյուս կողմը, այսպես կոչված, «սորոսական» գծի ներկայացուցիչներն են։ Ըստ տեղեկությունների, նրանք եւս բավականին ցավոտ են տարել այս լուրը, անգամ հայտարարել, թե «ամբողջությամբ հիասթափված են կառավարությունից ու անձամբ Փաշինյանից», որը, նրանց բնորոշմամբ, «դավաճանել է հեղափոխությանն ու նրա արժեքներին»։
Ըստ այդ շրջանակների, եթե համընդհանուր վեթինգ չի անցկացվում, նշանակում է՝ կառավարությունը լրիվ ձախողված է իր բոլոր ծրագրերով հանդերձ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: