Բոլորին հերթով դատի տվեք. «Դեռ կան դատավորներ, որոնք չեն համբուրել Փաշինյանի աջը ու կկարճեն այս գործ». «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի աներորդին՝ Հրաչյա Հակոբյանը, դատական հայց է ներկայացրել չորս տարբեր անձանց դեմ, որոնց թվում է նաեւ քաղաքագետ Գագիկ Համբարյանը։ Քաղաքագետը մեզ հետ զրույցում չթաքցրեց զարմանքը, թե ինչու է այս պատգամավորն իրեն դատի տվել, ինքն ընդամենը, լրատվամիջոցներին հղում անելով, նշել է, որ Հակոբյանը մեղադրվում է մաքսանենգ ճանապարհով ծխախոտ ներկրելու մեջ։
Իսկ իր դեմ հայցի պատճառը, ըստ, Համբարյանի, պայմանավորված է ընդդիմադիր կեցվածքով։ «Ես չեմ կարծում, որ սա Հակոբյանի նախաձեռնությունն է։ Փաշինյանը ընտանյոք հանդերձ է այս որոշումը կայացրել։ Փորձում են այսպիսի կեղծ մեղադրանքներով լռեցնել ինձ։ Ե՛վ Փաշինյանը, եւ՛ նրա կինը պետք է լավ իմանային, որ եթե ես անձամբ նման բան ասած լինեի, պատրաստ էի պատասխան տալու իմ ասածի համար»,- շեշտեց Գագիկ Համբարյանը, հավելելով, որ սա քաղաքական հետապնդում է։
Քաղաքագետին նաեւ զարմանալի է թվում, թե ինչու է դատական հայցն ընդունվել Երեւանում, եթե ինքը Գյումրիում է ապրում։ «Որքան էլ Հրաչյա Հակոբյանը դատական հայց ներկայացնի Երեւանում, ակնհայտ է, որ այդ գրառումն արվել է Գյումրիից, որտեղ ես բնակվում եմ»,- ասաց մեր զրուցակիցը, հավելելով, թե փաստաբաններից դեռ պիտի ճշտի` հայցը կարո՞ղ է Գյումրի տեղափոխել։
Քաղաքագետը կարծում է, որ դատարանը պետք է կարճի այս գործը` հանցակազմի բացակայության հիմքով. «Դեռ կան դատավորներ, որոնք չեն համբուրել Փաշինյանի աջը ու կկարճեն այս գործը, որովհետեւ մեղադրանքները կեղծ են ու որեւէ հիմք չունեն»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: