ԵՀ-ն կուսումնասիրի համավարակի դեմ պայքարի համար ԵՄ երկրների ընդունած արտակարգ միջոցառումների օրինականությունը
Եվրահանձնաժողովը կուսումնասիրի արտակարգ իրավասությունների ռեժիմը, որ ստացել են ԵՄ պետությունների կառավարությունները համավարակի դեմ պայքարի համար՝ ԵՄ օրինական նորմերին դրանց համապատասխանությունը պարզելու նպատակով։ Այս մասին հինգշաբթի օրը Եվրոպախորհրդարանի առցանց նստաշրջանի ընթացքում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավարի թափանցիկության եւ եվրոպական արժեքների հարցերով տեղակալ Վերա Յուրովա, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Գլխավոր քննադատությունը քննարկման ժամանակ հասցեագրվել է Հունգարիայի կառավարությանը եւ անձամբ վարչապետ Վիկտոր Օրբանին, որը, Եվրոպական ժողովրդական կուսակցության եւ այլ խմբակցությունների պատգամավորների կարծիքով, «համավարակի պատրվակով փաստացի իշխանության զավթում է իրականացրել»։
«Եվրահանձնաժողովը ուշադիր հետեւում է համավարակի դեմ պայքարի համար ԵՄ պետությունների կառավարությունների ստացած իրավասությունների համապատասխանությանը եվրոպական նորմերին,- ասել է Յուրովան,- Այս աշխատանքի արդյունքները մենք կներկայացնենք տարեվերջին հրապարակվելիք զեկույցում»:
Նա բերել է մի շարք չափորոշիչներ, որոնք պետք է պահպանվեն ԵՄ երկրներում, որպեսզի Բրյուսելը կառավարությունների արտակարգ իրավասությունները գերազանցված չհամարի։ Առաջին՝ այդ իրավասությունների ժամկետը պետք է հստակ սահմանափակվի։ Երկրորդ՝ ԵՄ յուրաքանչյուր երկրի խորհրդարանները պետք է հնարավորություն ունենա վաղաժամ դադարեցնել կառավարության իրավասությունների ընդլայնումը, եթե համարի, որ գործադիր իշխանությունը չարաշահումներ է թույլ տալիս։ Երրորդ՝ Յուրովան ընդգծել է առավելագույն թափանցիկության, ԶԼՄ-ներին ազատության երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտությունը եւ որեւէ սահմանափակման անթույլատրելիությունը այդ ոլորտում։
Հունգարիայի խորհրդարանը մարտի 30-ին համավարակի դեմ պայքարի համար լայն արտակարգ իրավասություններ է տրամադրել երկրի կառավարությանը, որոնց ժամկետն անսահմանափակ է։ հունգարական ընդդիմության ներկայացուցիչները եւ եվրոպական ՀԿ-ները Հունգարիայի կառավարությանը մեղադրում են ընդդիմության հետապնդումների, լրագրողների վրա ճնշումներ գործադրելու, ակտիվիստների ձերբակալությունների, հօգուտ իշխող կուսակցության շահերի պետական եւ տեղական բյուջեների միջոցները վերաբաշխելու մեջ։