ԱՄՆ-ն ՄԱԿ ԱԽ-ում կփորձի հասնել Իրանի դեմ զենքի էմբարգոյի երկարացմանը
ԱՄՆ-ն անհրաժեշտ է համարում սաստկացնել ՄԱԿ Անվտանգության խորհրդի ճնշումը Իրանի վրա եւ կփորձի հասնել զենքի էմբարգոյի երկարացմանը, որի ժամկետը լրանում է հոկտեմբերի 18-ին: Այս մասին նշված է չորեքշաբթի հրապարակաված ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչության հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Իրանի կողմից ՄԱԿ Անվտանգության խորհրդի սահմանած զենքի էմբարգոյի խախտումները պահանջում են խորհրդի կողմից ավելի մեծ ճնշում: ԱՄՆ-ն կոալիցիայի հետ միասին անդադար կաշխատի երկրների հետ, որոնք մտահոգված են այս իրավիճակով, որպեսզի զենք գնելու արգելքը երկարացվի»,- շեշտել են մշտական ներկայացուցչությունից:
Այնտեղ նաեւ տեղեկացրել են, որ ԱՄՆ նախաձեռնությամբ չորեքշաբթի ԱԽ անդամները քննարկում են անցկացրել ապրիլի 22-ին Իրանի կողմից Noor ռազմական արբանյակի արձակման հարցով: ԱՄՆ-ում այս արձակումն անվանել են «Իրանի կողմից ՄԱԿ ԱԽ 2231 բանաձեւի կոպիտ խախտման եւս մեկ օրինակ»:
ԱՄՆ իրանի հարցով հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկն ավելի ուշ The Wall Street Journal-ում հրապարակված հոդվածում նշել է, թե ԱՄՆ-ն կարծում է, որ իրավունք ունի միակողմանի կարգով հասնելու այդ երկրի դեմ զենքի էմբարգոյի գործողության ժամկետի երկարացմանը, եթե ձախողվի ՄԱԿ ԱԽ համապատասխան բանաձեւի ընդունման փորձը:
«Մենք բանաձեւի նախագիծ ենք պատրաստել եւ հույս ունենք, որ այն կընդունվի»,- նշել է հատուկ ներկայացուցիչը: «Կողմ քվեարկությունը կծառայեր Ռուսաստանի եւ Չինաստանի շահերին, որոնք ավելի շատ են շահում Մերձավոր Արեւելքում կայունությունից, քան Իրանին սպառազինություն վաճառելուց՝ երկպառակչական պատերազմների համար»,- պնդել է նա:
«Եթե վետոն հիասթափեցնի ամերիկյան դիվանագիտությանը, ապա ԱՄՆ-ն իրեն իրավունք է վերապահում զենքի էմբարգոն վերականգնել այլ եղանակներով: ՄԱԿ ԱԽ 2015 թվականի 2231 բանաձեւը չեղարկել է ՄԱԿ մեծ թվով պատժամիջոցներ, բայց նաեւ իրավական մեխանիզմ է ստեղծել, որը նախատեսված է պատժամիջոցների գործողության վերականգնման նպատակով որոշակի երկրների կողմից էքսկլյուզիվ կիրառման համար: Զենքի էմբարգոն այդպիսի պատժամիջոցներից մեկն է»,- պարզաբանել է Հուկը:
Երեքշաբթի ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել էր, որ ԱՄՆ-ն չի կարող պահանջել Իրանի դեմ զենքի էմբարգոյի երկարացում, քանի որ այլեւս իրանական միջուկային գործարքի անդամ չէ: Նա նաեւ ընդգծել էր, որ էմբարգոյի երկարացման համար ոչ մի պատճառ չկա, եւ դրա ժամկետը պետք է լրանա հոկտեմբերի 18-ին, ինչպես եւ նախատեսված է ԱԽ բանաձեւում: