Թրամփը մտադիր է ուսումնասիրել կորոնավիրուսի պատճառով Չինաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքն առայժմ չի տեսել կորոնավիրուսի պատճառով Չինաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագիծը, սակայն նախատեսում է այն ուսումնասիրել: Խոսքը օրինագծի մասին է, որն ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Սենատ է ներկայացրել հանրապետական Լինդսի Գրեմը:
Նախաձեռնությունը նախատեսում է Չինաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորություն, եթե Պեկինը «չհամագործակցի եւ ամբողջական հաշվետվություն չներկայացնի իրադարձությունների մասին, որոնք հանգեցրել էին նոր տեսակի կորոնավիրուսի բռնկմանը»: Չորեքշաբթի Կոլորադո եւ Հյուսիսային Դակոտա նահանգների նահանգապետների հետ Թրամփի հանդիպման ժամանակ Սպիտակ տանը լրագրողները ԱՄՆ նախագահին հարցրել են՝ այդ օրինագիծն արդյոք կստորագրի՞ Կոնգրեսի հավանությունը ստանալու դեպքում: «Ես հարգում եմ Լինդսի Գրեմին: Ես, անկասկած, այն [օրինագիծը] կուսումնասիրեմ, առայժմ այն չեմ տեսել»,- պատասխանել է վաշինգտոնյան վարչակազմի ղեկավարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը ավելի վաղ Գրեմի առաջարկած օրինագիծն անվանել էր ապաբարոյական: Նրա կարծիքով՝ այս նախաձեռնությունը «փաստերը միանգամայն անտեսում է»: Նա շեշտել է, որ նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) առաջացրած հիվանդության բռնկումից ի վեր Չինաստանը սերտորեն համագործակցել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ:
Կորոնավիրուսի բռնկումը գրանցվել էր 2019-ի վերջին Կենտրոնական Չինաստանում, այն տարածվել է երկրների մեծ մասում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն համավարակ է ճանաչել: Վաշինգտոնը Չինաստանին մեղադրում է վիրուսի ծագման եւ համավարակի ծավալների մասին տեղեկությունները թաքցնելու մեջ: Չինաստանի ԱԳ փոխնախարար Լե Յույչենը ապրիլի 29-ին իր հերթին NBC հեռուստաընկերության լրագրողների հետ հարցազրույցում շեշտել է, որ Պեկինը կորոնավիրուսի վերաբերյալ «որեւէ տեղեկություն չի թաքցրել»: Նա ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ «որոշ քաղաքական գործիչներ վիրուսի հետ կապված իրավիճակն օգտագործում են Չինաստանին նշավակելու համար»: