Կորոնավիրուսի պատճառով Թրամփը Փենսի հետ խոսում է միայն հեռախոսով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ նոր կորնավիրուսի տարածմամբ պայմանավորված Սպիտակ տանը չի հանդիպում փոխնախագահ Մայքլ Փենսին եւ նրա հետ խոսում է միայն հեռախոսով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ես Մայքլ Փենսին չեմ տեսնում եւ նրան կարոտում եմ: Մենք հեռախոսով երկար խոսել ենք: Մենք որոշ ժամանակ [անձամբ] չենք հանդիպի»,- նշել է պետության ղեկավարը՝ Սպիտակ տանը պատասխանելով երկու քաղաքական գործիչների շփումների վերաբերյալ լրագրողների հարցերին: Նա հավելել է, որ Փենսը նույնպես ոչ մեկի հետ չի հանդիպում: Թրամփը պարզաբանել է, որ փոխնախագահը նման որոշում է ընդունել այն բանից հետո, երբ նրա մամուլի քարտուղար Քեթի Միլերի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:
Երեքշաբթի СNN հեռուստաալիքը հայտնել էր, որ Փենսը առաջիկայում Թրամփին չի մոտենա: Այն մասին, որ նախագահի խորհրդական Սթիվեն Միլերի կնոջ՝ Քեթի Միլերի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, հայտնի էր դարձել մայիսի 8-ին: Մայիսի 7-ին СNN-ն հայտնել էր, որ կորոնավիրուս է հայտնաբերվել ԱՄՆ ՌԾՈՒ ստորաբաժանման զինվորականի մոտ, որի մարտիկները ծառայում են Սպիտակ տանը: Թրամփը երկուշաբթի նշել էր, որ իրեն հայտնի չեն Սպիտակ տան աշխատակիցների շրջանում վարակման այլ դեպքեր:
Ջոն Հոփքինսի համալսարանի տեղեկություններով, որը հաշվարիկներ է կատարում դաշնային եւ տեղական իշխանությունների տվյալների հիման վրա, ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 1,38 մլն դեպք, մահացել է 83,7 հազարից ավելի մարդ: