Թուրքիայում թոշակառուն բնակություն է հաստատել քարանձավում, որպեսզի ավելի մոտ լինի բնությանը
Թուրք թոշակառուն վերջին 15 տարին ապրում է քարանձավում, որպեսզի ավելի մոտ լինի բնությանը, գրում է RG-ն՝ հղում անելով Hurriyet-ին:
Զեքայ Ֆյուրաթը (64 տարեկան) ապրում է Սիլիֆկե շրջանում Կիզկալեչի զբոսաշրջային ավանում գտնվող քարանձավում: Քարանձավի մոտ նա բանջարանոց է հիմնել եւ ապրում է այնտեղ աճեցված սխտորի, ծնեբեկի ու ճակնդեղի վաճառքից ստացված միջոցներով:
Ըստ Ֆյուրաթի, ինքը գրանցված է ծերանոցում, բայց չի ցանկանում այնտեղ ապրել: «Առանց մաքուր օդի եւ սպորտի ես երկար չեմ դիմանա: Ես չեմ կարող լինել այնտեղ, որտեղ շատ մարդիկ կան, պետք է մենակ լինեմ: Բնությունը, սարերը եւ մաքուր օդը այն է, ինչն ինձ հարկավոր է»,- ասում է նա:
Չնայած միջոցների ծայրահեղ սղությանը, Ֆյուրաթը իրեն երջանիկ է զգում, ասում են քաղաքապետարանի աշխատակիցները, որոնք սնունդ են բերում թոշակառուին աջակցելու համար: «Երբ տեղացիներից առաջին անգամ իմացանք, որ ինչ-որ մեկն ապրում է քարանձավում, մենք գնացինք օգնելու, որ նա դուրս գա այնտեղից»,- ասում են նրանք: «Բայց նա շատ երջանիկ տեսք ունի, ուստի մենք չպնդեցինք, որ Ֆյուրաթը տեղափոխվի նորմալ բնակարան»: Մենք սնունդ ենք բերում եւ հնարավորինս փորձում ենք բարելավել նրա պայմանները»: