Ռուսաստանում կորոնավիրուսի հետեւանքով մահացածների թիվը կարող է 72 տոկոսից մեծ լինել. Financial Times
Ռուսաստանում կորոնավիրուսի հետեւանքով մահացածների թիվը կարող է 72 տոկոսից մեծ լինել, հայտնում է բրիտանական Financial Times պարբերականը: Կարծիք կա, որ ռուսական իշխանությունները կարող էին կորոնավիրուսի հետեւանքով մահացածների թիվը զգալիորեն նվազեցնել:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ապրիլին Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում COVID-19-ից մահացել է 629 պացիենտ: Բայց դրա հետ մեկտեղ այս երկու քաղաքներում անցած 5 տարում ընդհանուր մահացության միջին մակարդակն անցել է 2073 մարդուց: Այսպիսով՝ մահվան 1444 դեպքերը անհասկանալի պատճառներով չեն հաշվառվել:
Օպերատիվ շտաբի մայիսի 12-ի տվյալներով՝ կորոնավիրուսի հետեւանքով մահացած ռուսաստանցիների ընդհանուր թիվը կազմում է 2116: Եթե այս թվին հավելենք չհաշվարկված դեպքերը, ապա կստացվի, որ Ռուսաստանում COVID-19-ի զոհերի թիվը 72 տոկոսով ավելի է, քան ցույց է տրված պաշտոնական տվյալներում:
Financial Times-ը նշում է, որ ամբողջ Ռուսաստանում կորոնավիրուսի հետեւանքով մահացության տվյալների նվազեցման ծավալները կարող են անգամ ավելի մեծ լինել, քանի որ 72 տոկոս գնահատականը հիմնվում է Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի տվյալների վրա, որոնք մահացության մասին տեղեկությունները հրապարակել են ապրիլին: Ամբողջ երկրի տվյալները հունիսից շուտ չեն հրապարակվի:
New York Times-ն ավելի վաղ վերլուծություն էր հրապարակել տարբեր երկրներում կորոնավիրուսի հետեւանքով մահացության մակարդակի վերաբերյալ, որի համաձայն՝ մահվան առնվազն 64 հազար դեպքեր տարբեր պատճառներով չեն հաշվառվել:
Պարբերականը նշում է, որ կորոնավիրուսի հետեւանքով մահացության եւ մահացության ընդհանուր մակարդակի ցուցանիշների միջեւ տարբերությունը հաճախ վկայում է ոչ թե մահացածների թվի դիտավորյալ նվազեցման մասին, այլ հաշվարկման յուրահատկության: Ալսպես՝ երկրների մեծ մասը պաշտոնական վիճակագրության մեջ է մտցնում միայն հիվանդանոցում COVID-19-ից մահվան դեպքերը, մինչդեռ հիվանդացածները հաճախ տանն են մահանում:
Թվերի այս տարբերությունն առանձնապես նկատելի է այն երկրներում, որոնք չեն շտապում ընդունել աղետի ծավալները: Օրինակ՝ մարտին եւ ապրիլին Ինդոնեզիայի կառավարությունը հայտարարել էր COVID-19-ից մահվան 381 դեպքի մասին, մինչդեռ այդ ժամանակահատվածում Ջակարտայի գերեզմանոցներում հուղարկավորվել է ավելի քան 3300 մարդ, ինչը գերազանցում է տարեկան միջին ցուցանիշները: