Մայքլ Փենսի կորոնավիրուսի ախտորոշման կրկնակի թեստերը բացասական էին
ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը վերջին 2 օրում երկու անգամ հանձնել է կորոնավիրուսի ախտորոշման թեստ: Երկու դեպքում էլ արդյունքը բացասական էր: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է՝ Սպիտակ տան Վարդագույն այգում պատասխանելով լրագրողների հարցերին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ կորոնավիրուս էր հայտնաբերվել Փենսի մամուլի քարտուղարի մոտ:
«Փոխնախագահը թեստ է հանձնել, արդյունքը բացասական է: Նա թեստ է հանձնել երեկ, թեստ է հանձնել այսօր: Նա շատ լավ վիճակում է»,- ասել է Թրամփը:
Ընդ որում՝ Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը չի բացառել, որ որպես նախազգուշական միջոց Փենսի հետ իր շփումները առաջիկայում կարող են սահմանափակվել:
«Ես նրան այդ ժամանկից չեմ տեսել: Մենք կխոսենք այդ մասին, մենք կարող ենք խոսել հեռախոսով»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողներից մեկի համապատասխան հարցին: «Աշխատանքը, որը նա կատարել է որպես [կորոնավիրուսի դեմ պայքարի] աշխատանքային խմբի ղեկավար, աշխատանքը, որը նա կատարել է որպես փոխնախագահ, ականավոր է»,- շեշտել է ԱՄՆ նախագահը:
Այն մասին, որ Փենսի մամուլի քարտուղար, Թրամփի խորհրդական Սթիվեն Միլերի կնոջ՝ Քեթի Միլերի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, հայտնի է դարձել մայիսի 8-ին: CNN հեռուստաալիքը մայիսի 7-ին հայտնել էր, որ կորոնավիրուս է հայտնաբերվել ԱՄՆ ՌԾՈՒ ստորաբաժանման զինվորականի մոտ, որի մարտիկները ծառայության են Սպիտակ տանը:
Թրամփը երկուշաբթի նշել էր, որ իրեն հայտնի չեն Սպիտակ տան աշխատակիցների շրջանում վարակման այլ դեպքերի մասին: «Ինձ միայն հայտնի է, որ մարդիկ, որոնք հանդիպել են հիվանդացածներին, թեստեր են հանձնել, որոնք բացասական են, բայց նրանք, միեւնույն է, կարանտինում են»,- ասել էր նա:
Ջոն Հոփքինսի համալսարանի տեղեկություններով, որը հաշվարկներ է կատարում դաշնային եւ տեղական իշխանությունների տեղեկությունների հիման վրա, ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 1,34 մլն դեպք, մահացել է 80 հազարից ավելի մարդ: