Չինաստանին հաշիվ պետք է ներկայացվի․ Փիթեր Նավարո
Սպիտակ տանը կից Առեւտրի ազգային խորհրդի ղեկավար Փիթեր Նավարոն Չինաստանին սպառնացել է վրեժով՝ «կորոնավիրուսի համավարակի տարածման մեջ նրա դերի համար» ։
«Չինաստանին պետք է հաշիվ ներկայացվի,- CNBC-ին տված հարցազրույցում ասել է Նավարոն,- Հարցն այն չէ, որ նրանց պետք է պատժել, այլ այն, որ Չինաստանին եւ Կոմունիստական կուսակցությանը պետք է պատասխանատվության ենթարկել»։
«Նրանք հսկայական վնաս են հասցրել աշխարհին, որը դեռեւս շարունակվում է,- ասել է Նավարոն,- Մենք համարյա 10 տրիլիոն դոլար ունենք, որը պետք է հատկացնենք այդ պայքարի համար»։
Երկու երկրների միջեւ առեւտրային բանակցությունները բարդացել էին Covid-19 համավարակի պատճառով, այն բանից հետո, երբ փետրվարին ուժի մեջ մտավ առեւտրային համաձայնագրի առաջին փուլը։ Գործարքը պահանջում է, որ Չինաստանը երկու տարով 200 մլրդ դոլարով մեծացնի ամերիկյան ապրանքների գնումները, ներառյալ՝ գյուղատնտեսական արտադրանքը։
Սակայն, բացի համաշխարհային պահանջարկի անկումից, հանրային առողջապահական ճգնաժամը, երկարաձգել է բանավեճը երկու երկրների միջեւ, որոնք մեղադրում են միմյանց։
Անցյալ հինգշաբթի ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը եւ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը համաձայնագիրը քննարկել էին Չինաստանի փոխվարչապետ Լյու Խեի հետ։ Երեք պաշտոնյաները համաձայնել էին սկսել առաջին փուլի իրականացումը, «չնայած առողջապահության ոլորտում այժմյան արտակարգ իրավիճակին»։