Դուք պատերազմ եք մեկնել ձեր սրտի թելադրանքով. նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է մի խումբ ազատամարտիկների
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է մի խումբ ազատամարտիկների: Արցախյան պատերազմի մասնակիցներ Լեռնիկ Մաթևոսյանը, Հակոբ Աղաջանյանը և Հրաչ Աբրահամյանը Հանրապետության նախագահին էին հանդիպել և կարճատև զրույց էին ունեցել օրեր առաջ՝ Եռաբլուր պանթեոնում՝ Շուշիի ազատագրման օրը, երբ նախագահ Սարգսյանը հարգանքի տուրք էր մատուցում հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին:
Նախագահը նրանց առաջարկել էր զրույցը շարունակել իր նստավայրում:
Այսօրվա հանդիպմանն ազատամարտիկները նախագահին են ներկայացրել իրենց անցած ճանապարհը, անդրադարձել ներկայիս խնդիրներին: Նրանք միեւնույն ժամանակ կարևորել են ուշադրությունն ու հոգատարությունը ինչպես ազատամարտիկների, այլև՝ ընդհանրապես պատերազմի վետերանների հանդեպ:
Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է ազատամարտիկների առողջական և սոցիալական վիճակով: Նա բարձր է գնահատել արցախյան ազատամարտին մասնակցած բոլոր կամավորների ու զինվորականների ներդրումը: Շնորհակալություն հայտնելով ազատամարտիկներին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Առաջին հերթին շնորհակալ եմ ձեր սրտի ծառայության համար, որովհետև դուք պատերազմ եք մեկնել ձեր սրտի թելադրանքով»: Նախագահն ասել է, որ հաղթանակը մեր միասնական ջանքերի արդյունք է, և բոլոր ազատամարտիկները պետք է լինեն ոչ միայն պետության, այլև համընդհանուր՝ բոլորիս ուշադրության ներքո: «Պետությունը պետք է հպարտ լինի իր զինվորով ու ազատամարտիկով, և դուք էլ հպարտ լինեք, որ այս երկրի քաղաքացին եք»,- ասել է նախագահ Սարգսյանն, ընդգծելով, որ կամավորականի, զինվորականի հանդեպ վերաբերմունքը բոլոր առումներով՝ նյութականից մինչև բարոյական, պետք է լինի առանձնահատուկ:
Ազատամարտիկները շեշտել են, որ, անկախ խնդիրներից, իրենց շարունակում են համարել հայրենիքի զինվորը և անհրաժեշտության դեպքում ցանկացած պահի պատրաստ են մասնակից դառնալ նրա անվտանգությունը պաշտպանելուն: