Թրամփի խորհրդականը խոստովանել է, որ վախենում է գնալ Սպիտակ տուն աշխատանքի կորոնավիրուսի պատճառով
ԱՄՆ նախագահին առնթեր Տնտեսական խորհրդատուների խորհրդի նախագահ Քեւին Հասեթը խոստովանել է, որ նոր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով խուսափում է գնալ Սպիտակ տուն աշխատանքի, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Վախեցնող է աշխատանքի գնալը,-նշել է նա CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հրապարակվել է կիրակի։-Ես կարծում եմ, որ շատ ավելի անվտանգ կլիներ, եթե ես տանը մնայի։ Սակայն ներկայում մարդիկ պետք է ակտիվանան եւ ծառայեն հանուն իրենց երկրի»։
Հասեթը պատմել է, որ հետեւում է բժիշկների բոլոր խորհուրդներին՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը։ Նրա վարկածով՝ վարչակազմի աշխատակիցները «հերոսական ջանքեր են գործադրում» երկրում ճգնաժամը հաղթահարելու համար։
Նախագահի խորհրդականը նշել է Սպիտակ տան Արեւմտյան թեւը, որտեղ իր աշխատասենյակն է եւ որտեղ գտնվում է նախագահի օվալաձեւ աշխատասենյակը, ինչպես նաեւ վերջինիս օգնականների գրասենյակները, որպես «նեղ, բազմամարդ վայր»։ Նա հավելել է, որ այնտեղ աշխատելը «փոքր-ինչ ռիսկային է»։
CNN հեռուստաալիքի տվյալներով՝ տարածքների մաքրության համար հավելյալ միջոցներ էին սահմանվել Սպիտակ տան կողմից ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի մամուլի քարտուղար Քեթի Միլերի մոտ նոր կորոնավիրուս ախտորոշելուց հետո։ Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման ավելի քան 1.3 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 78.8 հազար մարդ։