Արդեն հազարից ավել քաղաքացի մասնակցել է «Իմ հերոսի պատմությունը» առցանց արշավին. Գոհար Ղումաշյան
Ինչպես ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակին ընդառաջ «Հայաստանի Անմահ Գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունն սկսել է «Իմ հերոսի պատմությունը» առցանց արշավ:
«Արշավին միանալու համար Ձեր սոցիալական էջերում տեղադրեք Ձեր բարեկամի նկարը՝ կցելով իր՝ պատերազմում մասնակցության մասին փոքր պատմություն։ Անպայման օգտագործեք #հաղթանակ75 և #հայաստանիանմահգունդ2020 հեշտեգերը:
Արշավի ավարտից հետո բոլոր նկարները հավաքագրվելու են և տպագրվեն Անմահ Գունդ 2020թ. խորագրով քայլերթին մասնակցելու համար։ Քայլերթի օրը լրացուցիչ կտեղեկացվի»,- ասվում էր հաղորդագրության մեջ։
Operativ լրատվականի թղթակիցը զրուցել է «Հայաստանի Անմահ Գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Գոհար Ղումաշյանի հետ, ով ասաց, որ թեև ուղիղ հեռարձակմամբ օնլայն տիրույթում պատրաստված հարթակ չկա` տեսակոնֆերանսի տեսքով, սակայն Ֆեյսբուքյան տիրույթում մասնակիցների պակաս չի եղել:
«Կոնկրետ թիվ նշել չեմ կարող, որովհետև ակցիայի մասնակիցները իրոք շատ-շատ են, բայց այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ արդեն հազարից ավելի մասնակից առցանց պատմել է իր հերոսի պատմությունը», մեզ հետ զրույցում հավաստիացրեց Գոհար Ղումաշյանը:
Ըստ ՀԿ-ի նախագահի` սեպտեմբերին կամ հոկտեմբերի սկզբին սպասվում է մեծ քայլերթ, որին ընդառաջ բոլոր մասնակիցների տրամադրած լուսանկարները կազմակերպության կողմից կմեծացվեն և մասնակիցներին էլ ստույգ օրն ու ժամը կասվի, որպեսզի ամեն մեկը տանի իր ընտանիքի հերոսի լուսանկարը:
Հիշեցնենք, Operativ լրատվականը ավելի վաղ հաղորդել էր, որ ընթանում է Ռուսական «Անմահ Գունդ» ակցիան օնլայն հարթակում:
Վերը նշված ակցիային Ֆեյսբուքյան տիրույթում մասնակցեց նաև Operativ լրատվականի թղթակիցը, ով իր ընտանիքից հինգ հերոսի պատմություն էր ներկայացրել: