Հայաստանի կոմունիստները հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմի հերոսներին
Հայաստանի Կոմունիստական կուսակցության պատվիրակությունն այցելել է Կիրովի անվան Մանկական զբոսայգի, որտեղ հարգանքի տուրք է մատուցել Երկրորդ աշխարհամարտի հերոսների հիշատակին: Կոմունիստները ծաղիկներ են դրել Խորհրդային Միության հերոս Նելսոն Ստեփանյանի, ինչպես նաև 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայի հրամանատար Սեմյոն Զաքյանի հուշարձաններին:
Նրանք այցելել են նաեւ Երեւանի մանկական երկաթուղու պուրակ, որտեղ ծաղիկներ են դրել երիտասարդ գվարդիականների հուշարձաններին, որոնց սխրագործությունը նկարագրված է Ալեքսանդր Ֆադեեւի «Երիտասարդ գվարդիա» վեպում:
Առավոտյան իրավապահները Կոմունիստական կուսակցության մի փոքր պատվիրակությանը թույլ չէին տվել մոտենալ Հավերժական կրակին Հաղթանակի զբոսայգում: Նրանց հաջողվել էր միայն ծաղիկները փոխանցել ոստիկաններին:
«Հայրենական մեծ պատերազմում հաղթանակած սովետական ժողովրդի հերոսական սխրանքը հավերժ կմնա համաշխարհային պատմության մեջ: Ոչ ոք ի վիճակի չէ փոքրացնել Խորհրդային Միության Մեծ հաղթանակի նշանակությունը, որը աշխարհը փրկեց ֆաշիստական ժանտախտից: Հայ ժողովուրդը նշանակալի ներդրում է ունեցել Հաղթանակի գործում` դրա զոհասեղանին դնելով մոտ 300 հազար կյանք, երկրին Խորհրդային Միության 107 հերոսի տալով: Մենք խոնարհվում ենք մեր վետերանների առջեւ` ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ասելով ՀԱՂԹԱՆԱԿԻ համար»,- նշվում է Հայաստանի Կոմկուսի տոնական ուղերձում: