Թրամփը նախատեսում է 8000 ԹԱՇ սարք ուղարկել այլ երկրներ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է մինչեւ հուլիսի վերջ թոքերի արհեստական օդափոխության 8000 սարք ուղարկել այլ երկրներ, հայտնում է Associated Press-ը:
Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի բռնկման ամենասկզբում բժիշկները ենթադրում էին, որ ԹԱՇ սարքերի պակասը կարող է ցավոտ որոշումների հանգեցնել այն մասին, թե հիվանդներից ու՞մ կհասնեն սարքերը: Իսկ այժմ երկրում ԹԱՇ սարքերի ավելցուկ է հայտնվել, եւ նախագահը որոշել է կիսվել դրանցով այլ երկրների հետ, հայտնում է գործակալությունը:
Ընդ որում, Սպիտակ տունը չի պատասխանել հարցմանն այն մասին, թե մինչ օրս քանի ԹԱՇ սարք է ուղարկվել արտերկիր, սակայն ԱՄՆ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը, ով ծանոթ է այս որոշմանը, ասել է, որ սարքերի ուղարկումն իրականացվում է որպես այլ երկրների առողջապահական համակարգին օժանդակության մաս:
ԹԱՇ սարքերի արտադրության մասին խոսել էր նաեւ հենց ինքը` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Մենք 9 գործարան ունենք, որոնք ԹԱՇ սարքերն այնպիսի արագությամբ են արտադրում, որ ոչ ոք չի կարող հավատալ: Ոչ մի նման բան չի եղել Երկրորդ աշխարհամարտից ի վեր»,- հայտարարել է նա:
Դեռ պարզ չէ` արդյոք որեւէ երկիր պետք է վճարի ԹԱՇ սարքերի համար, որոնց արժեքը տատանվում է 5000-ից 30 000 դոլարի միջեւ` կախված մոդելից: «Որոշակի իմաստով ես կցանկանայի, որպեսզի դրանք նվիրատվություն լինեին: Ես իսկապես ուզում եմ: Կարծում եմ, որ դա բարի կամք է: Դժվար է ասել, որ դուք պետք է վճարեք մարդկանց մահից փրկելու համար»,- ասել է Դոնալդ Թրամփը: