Պապս ասում էր՝ Բաբաջանյանը հասարակ մարդ էր, ապրելով օտարության մեջ, երբեք չի մոռացել իր ծննդավայրի մասին. Զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, Խորհրդային միության հերոս Համազասպ Բաբաջանյանի ազգական (Լուսանկարներ)
Ինձ այս անունը տալով՝ պարտավորեցրել են, որ ես պատվով ապրեմ՝ ասում է մասնագիտությամբ պատմաբան, 26–ամյա Համազասպ Բաբաջանյանը։ Զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, Խորհրդային միության հերոս Համազասպ Բաբաջանյանի ազգականն ու նրա կրտսեր անվանակիցը պատվով է հիշում իր պապի պատմածները մարշալի ծննդավայր Չարդախլուի, ազգականների և գյուղացիների հետ Բաբաջանյանի շփումների, մարշալին վերագրված իրական, որոշ դեպքերում նաև չափազանցված պատմությունների մասին։
Չորս լեռների միջև ծվարած Չարդախլու գյուղը, որը 1988–ին հայաթափվեց և մնաց սահմանի այն կողմում, աշխարհին տվել է երկու մարշալ, երկու կաթողիկոս, տասներկու գեներալ, տասնյակ հրամանատարներ, անվանի զինվորականներ, գիտնականներ, բարերարներ։ Համազասպ Բաբաջանյանի, Հովհաննես Բաղրամյանի, Գարեգին Ա–ի, Պարգև Սրբազանի հայրենի գյուղը մինչև Արցախյան հակամարտությունը ունեցել է բացառապես հայկական բնակչություն, իսկ այսօր արդեն հին հայկական բնակավայրում ադրբեջանցիների տներ են, իսկ հայերի գերեզմանոցների տեղում՝ վարելահողեր։
Չարդախլուից բռնի տեղահանված շատ ընտանիքներ բնակություն են հաստատել Տավուշի մարզի Զորական գյուղում, որտեղ և ծնվել է Համազասպ Բաբաջանյանի կրտսեր անվանակիցը, որը նույնպես սերում է Բաբաջանյան տոհմից։
«Խիզախների գյուղի» ու մարշալների մասին տասնյակ գրքեր են գրվել, վավերագրական ֆիլմեր նկարահանվել, սակայն նրանց մասին կենդանի զրույցներն ուրիշ են։ Իրեն չարդախլեցի համարող յուրաքանչյուրին եթե խնդրես պատմել Բաբաջանյանի կամ Բաղրամյանի մասին, տեղում կպարզես, որ մարշալներից մեկը նրա հեռավոր ազգականն է, իսկ մյուսն էլ խնջույքի ժամանակ թամադա է նշանակել հենց իր պապին։ Չարդախլուն միշտ հյուրընկալ օջախ է եղել գյուղի սարերում մանկությունն անցկացրած Բաբաջանյանի համար։ Նա հաճախ էր ծննդավայր այցելում, շփվում գյուղացիների հետ, խոսում գյուղի բարբառով։ Յուրաքանչյուր այցելություն հայրենի գյուղ, որն իր հուշագրություններում Բաբաջանյանն անվանում էր «ոչ ռազմատենչ գյուղ», միշտ մեծ իրադարձություն է եղել:
«Պապս ասում էր՝ Բաբաջանյանը հասարակ մարդ էր, ապրելով օտարության մեջ, նա երբեք չի մոռացել իր ծննդավայրի մասին։ Գրեթե ամեն ամառ նա այցելել է գյուղ, հավաքել ազգականներին ու գյուղացիներին, նրանց հետ հաց կիսել, զրուցել դեսից–դենից»,– NEWS.am–ին պատմել է կրտսեր Բաբաջանյանը։
Չարդախլուն ժամանակին բավականաչափ զարգացած գյուղ էր, ուներ իր հիվանդանոցն ու գրադարանը։ Համազասպի խոսքով՝ երկու մարշալները աջակցել են գյուղի հիվանդանոցին սարքավորումներ ձեռքբերելու և փորձառու մասնագետներով համալրելու հարցում.
«Եղել են դեպքեր, երբ գյուղացիներից ոմանք անհիմն մեղադրանքներով հետապնդման են ենթարկվել, սակայն Բաբաջանյանի միջամտությամբ արդարությունը վերականգնվել է, և նրանց այլևս չեն նեղացրել»,–պատմել է Համազասպը։
Մարշալ Բաբաջանյանը վերջին անգամ հայրենի գյուղ այցելել է 1975–ին։ Մարշալի ազգականներից 60–ամյա Գոհար Օսիպյանը NEWS.am–ին պատմել է, որ մարշալը սիրում էր ճաշակել Չարդախլուի գյուղական ուտեստները։
«Վերջին խնջույքի ժամանակ Մոսկվայից գյուղ եկած մարշալին շուշանի թթու և փիփերթով ապուր են հյուրասիրում, որոնց բույրը գյուղում մեծացած Համոյին տեղափոխում են մանկություն։ Այդ օրը Բաբաջանյանը ցանկացել է ծարավը հագեցնել Չարդախլուի Ղարամօղլի անտառում (Սեւորդիների հանգստյան գոտին) հոսող անապական, բուժիչ ջրով և հորեղբորորդու՝ Վահանի հետ գնացել են աղբյուր»,–պատմեց տիկին Գոհարը։
Այսօր Բաբաջանյան ազգանունը կրում են մարշալի դուստրերը՝ Լարիսան և Իզաբելան։
Մարշալի թոռնուհիներից Յուլյա Մարկոս-Բաղդասարովը (հեղ–Լարիսա Բաբաջանյանի դուստրը) թեև ծնվել և ապրում է Ռուսաստանում, սակայն սերտորեն կապված է իր հայկական արմատներին։
Մասնագիտությամբ դեկորատոր եւ դիզայներ 48–ամյա Յուլյա Մարկոսը կայացած և հաջողակ կին է։ Նա գրում է բանաստեղծություններ, նկարում, պատկերազարդում և հրատարակում է արվեստի տարբեր ժանրերին նվիրված և մեծ պահանջարկ վայելող գրքեր։ Յուլյան 2016-ին տեղի ունեցած գեղեցկության մրցույթի («Миссис России Мира 2016») առաջին մրցանակակիր է։ Յուրահատուկ խարիզմայով հայուհու մասին շատ հրապարակումներ կան ռուսական առաջատար լրատվամիջոցներում: Իր հարցազրույցներում Յուլյան հաճախ է հիշատակում իր հայկական ծագման, մարշալի թոռնուհին լինելու մասին։ Յուլյա Մարկոսը, որը բնակվում է Մոսկվայում, NEWS.am–ին պատմել է մորական պապի՝ մարշալ Բաբաջանյանի բնավորության յուրահատուկ գծերի մասին։
«Պապս մեծանուն մարդ էր, բայց մնում էր համեստ եւ բոլորի կողմից սիրված: Սիրում էր պատմություն, մաթեմատիկա, երաժշտություն, սպորտ, լավ նկարում էր: Նա շատ էր սիրում կատակել: Մայրս մինչեւ հիմա հիշում է նրա խոսքը, որ ցանկացած գործի մեջ կարելի է մարշալ դառնալ: Մայրս 6 տարեկան է եղել, երբ կոշկակարը նրա համար գեղեցիկ կոշիկներ է կարել: Համոն նայել է կոշիկներին ու ասել. «Ես զինվորական մարշալ եմ, իսկ նա իր գործի մարշալն է»»,– մեզ հետ զրույցում պատմեց Յուլյա Մարկոսը։ Նրա խոսքով՝ Բաբաջանյանն առանձնանում էր իր հնարամտությամբ, որն օգնում էր նրան հաղթել մարտերում:
«Նա երբեք անտեղի ռիսկի տակ չէր դնում զինվորներին: Երբ պատերազմից հետո սովետական ինժեներները մշակեցին զենք, որը տանկի մեջ կարող էր կենդանի այրել հակառակորդին, պապս հրաժարվում է իր ստորագրությունը դնել համապատասխան փաստաթղթի վրա: Նա համարում էր, որ ցանկացած զինվոր, նույնիսկ թշնամու զինվորը, մարդ է և չի կարելի այդպես դաժանաբար ոչնչացնել նրան»,–պատմել է Յուլյան։
Ընտանիքի ներկայացրած փաստերի կողքին, սակայն, մարշալին շատ են վերագրվել հորինված պատմություններ։
Բաբաջանյանի մասին ամենից չարչրկված միֆն այն է, թե իբր նա, չենթարկվելով հրամանին, ուղղաթիռով հատել է սահմանն ու մտել Թուրքիայի տարածք. «Մարդիկ հպարտանում են հորինված փաստերով, ասում են, իբր նա ուղղաթիռով թռել է Թուրքիայի վրայով, չի ենթարկվել վերադառնալու հրամանին, ինչի համար տնային կալանքի տակ է գտնվել: Նման բան ընդհանրապես չի եղել, նա օրինապաշտ զինվորական էր: Ու երբ մենք ասում ենք, որ նման բան չի եղել, հայերը զարմանում են։ Նա անցել է պատերազմի սարսափների միջով և գնահատում էր կյանքը»,–ասաց Յուլյան։
Այսօր Համազասպ Բաբաջանյանի անունով դպրոց և հրապարակ կա Մոսկվայում, կան փողոցներ Երևանում, Օդեսայում, Պյատիգորսկում, դպրոցներ ու թանգարաններ՝ Ուկրաինայում, Մոլդովայում, Ռուսաստանում: Կուբինկա քաղաքում մինչ օրս կա Տանկերի թանգարան, որը հիմնադրել է Բաբաջանյանը:
Մոսկվայի Հայրենական Մեծ պատերազմի կենտրոնական թանգարանում 2018–ին բացվեց Մարշալ Բաբաջանյանի կիսանդրին, որից քիչ այն կողմ տեղադրվել է Յուլյայի նկարած՝ պապի դիմանկարը: Իսկ Բաբաջանյանի դստեր՝ Լարիսայի նկարած՝ հոր դիմանկարը կախված է փառքի ծառուղում: Շատ քննարկումների տեղիք է տվել Բաբաջանյանի բրոնզաձույլ արձանը, որը տեղադրվել էր 2016–ի մայիսին՝ Երևանի Բաբաջանյան փողոցի հարակից պուրակում։ Այդ ժամանակ մամուլում գրվեց, որ արձանի նախագծի հարցում չեն խորհրդակցել հերոսի ընտանիքի հետ, ավելին՝ պաշտոնական բացման արարողությանը հարազատներից որևէ մեկը ներկա չէր։ Իսկ արձանը հարազատների աչքին, մեղմ ասած, հեռու էր «կատարյալ» լինելուց.
«Մենք շոկի մեջ էինք, երբ տեսանք արձանը, որովհետեւ այն հիշեցնում է Մոսկվայում հայկական գերեզմանոցում տեղադրված հուշարձանները: Համազասպ Բաբաջանյանն այնտեղ կոճակներն արձակած կիտելով է, առանց գլխարկի, բացված ոտքերով, ինչը նրան բոլորովին բնորոշ չէր: Նա զինվորական մարդ էր: Այո, նա հումորի զգացում ուներ, բայց նա կարողանում էր ենթարկվել կանոններին եւ պահանջներին: Եվ գրառումը, որ կա արձանի հետեւից մասում, անհեթեթություն է: Երբ հարցրեցինք, թե ինչու՞ չեն խորհրդակցել հարազատների հետ, նրանք ասացին՝ մենք մտածում էինք, որ բոլոր հարազատները մահացել են»,– պատմել է մարշալի թոռնուհին։
Յուլյան համոզված է՝ մեզնից է կախված, թե ինչպես երիտասարդ սերունդը կվերաբերվի Բաբաջանյանին և, առհասարակ, պատերազմի հերոսներին:
«Մենք հրաշալի սերունդ ունենք, և ես կարծում եմ, որ երեխաների մեջ պետք է դաստիարակել ոչ թե հպարտություն և պարծենկոտություն, այլ փոխանցել ոգու այն ավյունը, որին ունակ է մարդը պատերազմի ժամանակ: Փոխանցել պահի ողբերգականությունն ու սերը կյանքի հանդեպ: Այդ ժամանակ երեխաները դա իրենց մեջ կկրեն»,– ասում է նա։
Բաբաջանյանին բնորոշ եռանդով աչքի ընկնող Յուլյային հաճախ կարելի է տեսնել հայկական միջավայրում, «Ռուսաստանի Հայերի միության», ՌԴ–ում ՀՀ դեսպանատան կազմակերպած միջոցառումների ժամանակ։ Բաբաջանյանի ժառանգները Ռուսաստանում հայ համայնքի հետ սկսել են կապեր հաստատել ընդամենը մի քանի տարի առաջ։ «Հայ համայնքը մեր ընտանիքի մասին բոլորովին մոռացել է, եւ միայն մի քանի տարի առաջ նոր դեսպանի գալուց հետո եւ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ու Արա Աբրահամյանի ակտիվ գործունեության արդյունքում մեր մասին հիշեցին»,–ասաց նա։
Յուլյան NEWS.am–ին պատմեց, որ դեռևս մեկ տարեկանից հոր հետ այցելել է Հայաստան, իսկ Արցախյան պատերազմից հետո երկու անգամ եղել է Ղարաբաղում: «Երեւանը չեմ սիրում, բոլորովին չեմ հասկանում, բայց Հայաստանի սրբավայրերը սիրում եմ»,–անկեղծացավ մարշալի թոռնուհին։
Նախորդ տարվա մայիսին «Հաղթանակի զորավարների հիշատակի» հիմնադրամի (Фонд памяти полководцев победы) պատվիրակության կազմում Յուլյան իր մոր՝ Լարիսա Բաբաջանյանի հետ այցելել էր Հայաստան, հանդիպել երկրի առաջին դեմքերի հետ, շրջել Հայաստանում, անգամ հասցրել լուսանկարվել Հիտլերի աթոռին բազմած Բաբաջանյանի արձանի մոտ։
Հ. Գ. 1945թ. ապրիլի 21–ին Խորհրդային բանակի 11-րդ գվարդիական տանկային կորպուսը գնդապետ Բաբաջանյանի գլխավորությամբ առաջիններից էր, որ հասավ Բեռլին։ Մայիսի 2-ին Բեռլինի հիտլերյան կայազորը վայր դրեց զենքը, իսկ մայիսի 9-ին Գերմանիան հայտարարեց կապիտուլյացիայի մասին՝ վերջ դնելով մարդկության պատմության ամենաարյունալի պատերազմին։
Թագուհի Մելքոնյան
Բաբաջանյանը դուստրերի՝ Լարիսայի և Իզաբելայի հետ
Բաբաջանյանը թոռնուհու՝ Յուլյա Մարկոսի հետ
Յուլյա Մարկոսը նկարում է պապին՝ Համազասպ Բաբաջանյանին
Բաբաջանյանի դուստրը՝ Լարիսան
Յուլյա Մարկոսը
Բաբաջանյանի ամենակրտսեր ծոռը մոր՝ Յուլյայի հետ
Բաբաջանյանի կրտսեր անվանակիցը մարշալի՝ Զորականում տեղադրված կիսանդրու մոտ
Լուսանկարները Յուլյա Մարկոսի և Համազասպ Բաբաջանյանի ֆեյսբուքյան էջերից