Լուիզիանա նահանգի ոստիկանությունը հետապնդում է «ագրեսիվ հավին», որն «ահաբեկում» է բանկի հաճախորդներին
Լուիզիանայի ոստիկանությունը հետապնդում է «ագրեսիվ հավին», որն «ահաբեկում» է բանկի հաճախորդներին, որոնք փորձում են կանխիկ գումար ստանալ բանկոմատից, հաղորդում է Fox News-ը:
Ուոքերի ոստիկանության բաժանմունքում հայտնել են, որ ահազանգ են ստացել «ագրեսիվ հավի» մասին, որը կանխատեսել էր իրավապահների ժամանումն ու փախուստի դիմել դեպքի վայրից:
«Ըստ բողոքի՝ հավն ահաբեկում է բանկի հաճախորդներին ամբողջ շաբաթ ինչպես բանկոմատի հարեւանությամբ, այնպես էլ փողոցում»,-ասվում է ոստիկանության ֆեյսբուքյան էջի հայտարարության մեջ: «Բանկի աշխատակիցները հայտնել են, որ հավը հետապնդել է հաճախորդներին, փորձել ներխուժել նրանց տրանսպորտային միջոց եւ մի շարք դեպքերում չի պահպանել անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը»:
«Չնայած այդ տարածքում պարեկային ծառայությանը՝ հավին հնարավոր չի եղել հայտնաբերել: Հաշվի առնելով ագրեսիվ վարքը՝ հանրությանը խորհուրդ է տրվում խուսափել թռչնի հետ բախումից եւ դրա փոխարեն դիմել ոստիկանություն»: