Հիշում ենք և հպարտանում. Իմ հերոսի պատմությունը (Լուսանկարներ)
Թեև այսօր` մայիսի 9-ին, հայ ժողովուրդը չի կարող իր հարգանքի տուրքը մատուցել և ծաղիկներ խոնարհել Հաղթանակ զբոսայգում գտնվող Անհայտ զինվորի գերեզմանին, ինչպես դա արել է ամեն տարի, սակայն Անմահ Գունդ նախաձեռնության շնորհիվ յուրաքանչյուրը կարող էր պատմել իր ընտանիքի հերոսի պատմությունը՝ Ֆեյսբուքյան տիրույթում հարգանքի տուրքը մատուցելով մարդկանց, որոնք կերտեցին Հաղթանակի պատմությունը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակին ընդառաջ «Հայաստանի Անմահ Գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունն սկսել է «Իմ հերոսի պատմությունը» առցանց արշավ:
«Արշավին միանալու համար Ձեր սոցիալական էջերում տեղադրեք Ձեր բարեկամի նկարը՝ կցելով իր՝ պատերազմում մասնակցության մասին փոքր պատմություն։ Անպայման օգտագործեք #հաղթանակ75 և #հայաստանիանմահգունդ2020 հեշտեգերը:
Արշավի ավարտից հետո բոլոր նկարները հավաքագրվելու են և տպագրվեն Անմահ Գունդ 2020թ. խորագրով քայլերթին մասնակցելու համար։ Քայլերթի օրը լրացուցիչ կտեղեկացվի»,- ասվում էր հաղորդագրության մեջ։
Ես, Operativ լրատվականի թղթակիցս, ևս մասնակցել եմ նախաձեռնությանը և հրապարակել ընտանիքիս հերոսների մասին ինֆորմացիա և լուսանկարներ:
Իմ երկու պապերը եղել են Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ:
Իմ հերոսի պատմությունը
#Հաղթանակ75 #Հայաստանիանմահգունդ2020
Իմ պապը
Սիմոն Միսակի Կրկյաշարյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ Գրողների միության անդամ, թարգմանիչ, պատմաբան, հունագետ, Իտալիայի Տիբերինա մշակույթի և գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ծնվել է Հունաստանի մայրաքաղաք Աթենքի Կոկինիա արվարձանում՝ 1923թ. դեկտեմբերի 7-ին, Կիլիկիայի Հաճն քաղաքից Եղեռնի տարիներին մազապուրծ եղած ընտանիքում:
Նախնական կրթությունն ստացել է տեղի միակ յոթնամյա հայկական դպրոցում, ապա հաճախել հունական գիմնազիա և ավարտել այն 1943թ.-ին: Նա միակ հայն էր այդ գիմնազիայում:
Գիմնազիայում սովորած տարիներին նա աշխույժ մասնակցություն է ունեցել Հունաստանը բռնազավթած իտալո-գերմանական օկուպանտների դեմ սկսված Դիմադրության շարժմանը՝ 1941թ.-ից գլխավորելով գիմնազիայի աշակերտական ընդհատակյա կազմակերպությունը:
Նա մտել է ԷԱՄ (Էլլադայի Ազատագրական Միություն) շարքերը, եղել նրա երիտասարդական կազմակերպության (ԷՊՕՆ) ընդհատակյա շրջանային կոմիտեի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, 1944թ.՝ Թեսսալիայի Տրիկալա քաղաքի շրջանում գործող պարտիզանական ջոկատներում պատասխանատու աշխատող: Դրան զուգընթաց անդամակցել է գիմնազիայում կազմակերպված գրական խմբակին, լույս ընծայել իր անդրանիկ «Ցայգալույս» բանաստեղծությունների ժողովածուն՝ հունարեն լեզվով:
1944 թվականին ընդունվել է Աթենքի Կապոդիստրիասի անվան ազգային համալսարան, որտեղ սովորեց մինչև 1947թ., մինչև հայրենադարձվելը: Այս ընթացքում արդեն քաղաքական-հասարակական բուռն գործունեություն է ծավալում Աթենքի հայկական համայնքում, սկզբում որպես «Նոր կյանք» առաջադիմական օրաթերթի աշխատակից, ապա որպես նույն թերթի խմբագիր: Այդ ընթացքում նա մեծ նպաստ է բերել Հունաստանում ծավալված հունահայերի հայրենադարձության կազմակերպման գործին: Նա պաշտոնավարել է նաև որպես ուսուցիչ իր իսկ սովորած դպրոցում:
1947թ.-ի վերջին, որպես կարավանապետ, 2750 հունահայերի հետ վերադարձավ հայրենիք և հաստատվեց Երևանում:
Մինչև իր կյանքի վերջը Կրկյաշարյանը հավատարիմ մնաց իր հայրենիքին, թեև իր բարեկամների, ազգակիցների մեծամասնությունը սփռված է աշխարհով մեկ՝ ընդհուպ մինչև Ավստրալիա և Արգենտինա, սակայն, նա մնաց, աշխատեց և ստեղծագործեց Հայաստանում՝ օգտագործելով նաև Աթենքում ստացած գիտելիքները, և իր սրտի խորքում չէր ընդունում Հայաստանը լքողներին:
Փայլուն տիրապետելով հին հունարենին՝ նա թարգմանեց հունական աղբյուրները. Քսենոփոնի «Անաբասիսը», «Կյուրոպեդիան», Հերոդոտոսի «Պատմությունը» և այլ գործեր, ինչպես նաև Հոմերոսի «Ոդիսականը»: Սոփոկլեսի «Անտիգոնեն» և «Իփիգենյան Ավլիսում» բեմադրվել են երկար ժամանակ հայկական թատերական բեմերից հենց նրա թարգմանության շնարհիվ:
Ս. Կրկյաշարյանը կյանքից հեռացել է 2011թվականի հունվարի 5-ին՝ 88 տարեկան հասակում՝ անավարտ թողնելով նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով Օմիրոս Մավրիդիսի «Ազնիվ» (Հայաստանից արմատախիլ արվածը Հունաստանում) վեպի թարգմանությունը՝ Եղեռնից մազապաուրծ եղած կնոջ պատմությունը: Հատկանշականն այն է, որ Ս. Կրկյաշարյանի մոր անունը ևս Ազնիվ էր, ով ծնունդով Ադանայից էր: Այս աշխատությամբ նա կարծես իր հարգանքի տուրքն էր մատուցում իր ծնողներին և Եղեռնից բոլոր փրկվածներին:
Մորական պապս՝
Իմ հերոսի պատմությունը
#Հաղթանակ75 #Հայաստանիանմահգունդ2020
Վաղարշակ Աշոտի Պապիկյանը (Իմ՝ Անուշ Արտաշեսի Կրկյաշարյանի մորական պապը) ծնվել է 1914թ.-ի նոյեմբերի 26-ին Թիֆլիս քաղաքում, ապրել ու մեծացել Գյումրիում, որը 1924թ.-ից վերանվանվել է Լենինական:
1941թ.հունիսի 22-ին սկսված Հայրենական Մեծ պատերազմի հենց սկզբից շատերի հետ նա նույնպես զորակոչվել է բանակ: Ողջ պատերազմի ընթացքում կռվել է Թբիլիսիի մոտ տեղակայված 121-րդ Հատուկ գնդում՝ որպես կապավոր: 1944թ.-ին նա արդեն ավագ սերժանտ էր: 1944-ին նա ՍՍՀՄ Գերագույն Սովետի Նախագահության կողմից պարգևատրվում է «Կովկասի պաշտպանության համար» շքանշանով, որն իրեն է հասնում 1945թ.–ի ապրիլի 8-ին, հաղթանակից ուղիղ մեկ ամիս առաջ: Այս պարգևատրման գործում, հավանաբար, իր դերն ունի նաև այն, որ 1943թ.-ի նոյեմբերի 28-ից դեկտեմբերի մեկը գնդի զինվորների կազմում սպասարկել է Թեհրանի կոնֆերանսի աշխատանքները, որի համար գնդի կապավորները «մարշ-բրոսոկով» տեղափոխվել էին Թեհրան:
1943թ-ին ընդունվել է Կոմունիստական կուսակցության շարքերը: Այս հանգամանքը կարող է փաստ լինել պատերազմի տարիներին նրա լավագույն ծառայության, քանզի գիտենք, որ կուսակցության շարքերում պատահական մարդկանց չէին ընդունում, այն էլ՝ պատերազմի ծանր օրերին:
Հայրենական Մեծ պատերազմին մասնակցելուց հետո Վ. Ա. Պապիկյանը ստացել է բազմաթիվ շքանշաններ և մեդալ: Թվարկենք.
1.«1941-1945 թվականների Հայրենական Մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի» մեդալով» / 1945թ.-ի մայիսի 9-ի ՍՍՀՄ Գերագույն Սովետի Նախագահության հրամանով, ստացել է 1946թ.-ի հունիսի 3-ի հրամանով /
2.«За трудовую доблесть» մեդալով/ՍՍՀՄ Գերագույն Սովետի Նախագահության 1954 թ. հունիսի 21-ի հրամանով/
3.«1941-1945թթ.-ի Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 20 տարին» հոբելյանական մեդալով / ՍՍՀՄ Գերագույն Սովետի Նախագահության 1965թ.-ի մայիսի 7-ի հրամանի համաձայն/
4. «Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 30 տարին» հոբելյանական մեդալով /ՍՍՀՄ Գերագույն Սովետի Նախագահության 1975թ.-ի ապրիլի 25-ի հրամանի համաձայն, որն ստացել է 1976թ.-ի ապրիլի 21-ին/
5.«За храбрость, стойкость и мужество, проявление в борьбе с немецко-фашистскими захватчиками, и в ознаменование 40- летия победы советского народа в Великой Отечественной войне 1941-1945годов награжден орденом Отечественной войны второй степени»/ համաձայն ՍՍՀՄ Գերագույն Սովետի 1985թ.-ի մարտի 11-ի հրամանի/
6.Նույն թ.-ի ապրիլի 12-ի ՍՍՀՄ Գերագույն Սովետի նախագահության հրամանի համաձայն պարգևատրվում է նաև «1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 40 տարին» հոբելյանական մեդալով
7. ՍՍՀՄ Գերագույն Սովետի 1988թ.-ի հունվարի 28-ի հրամանի համաձայն պարգևատրվում է «70 лет вооруженных сил СССР» հոբելյանական մեդալով
8.«За долголетный добросовестный труд от имени Президиума Верховного Совета СССР Указом президиума Верховного Совета Армянской ССР» от 26-ого апреля 1976-օго года награжден медалью «Ветеран Труда»
9.«1941-1945թթ.Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 50 տարին» հոբելյանական մեդալն, արդեն հետմահու, ստացել է կինը:
Վաղարշակ Պապիկյանը ուներ 7 զավակ՝ երկու որդի և հինգ դուստր:
Մահացել է 1989թ.-ի սեպտեմբերի 13-ին, Կիրովականում, որտեղ ընտանիքով բնակվում էր 1953թ.-ից: /Լենինականից Իջևան՝1951-1953թթ., Իջևանից Կիրովական նրան ուղարկել էր կուսակցության Կենտկոմը՝ բարելավելու տեղական Փոստերի աշխատանքը/:
2018 թվականի մայիսի 9-ի` ՌԴ-ում՝ իսկ ավելի կոնկրետ Սոչիում անցկացվող <Бессмертный Полк>> քայլերթի ժամանակ Վաղարշակ Պապիկյանի լուսանկարը հատուկ պատվանդանով տանում էր նրա ծոռը՝ Աշոտ Պապիկյանը՝ 12 տարեկան :
Հեղինակ՝ Անուշ Կրկյաշարյան