Թուրքիայի իշխանությունները հերթական հետապնդումն են սկսել Ռագիփ Զարաքոլուի դեմ
Թուրքական դատախազութունը հետաքննություն է սկսել գրող եւ հրատարակիչ Ռագիփ Զարաքոլուի նկատմամբ այն բանից հետո, երբ նրան հոդվածի պատճառով մեղադրել են հեղաշրջմանը գաղտնի աջակցության համար, հայտնում է Diken լրատվական կայքը: Ստամբուլի գլխավոր դատախազության ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժինը հետաքննություն է սկսել Զարաքոլուի նկատմամբ` «հեղաշրջման մասին հաղորդումներ ուղարկելու միջոցով սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգությունների» կասկածանքով:
Հետաքննությունը սկսվել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից քրեական գործ հայց ներակայացնելուց հետո: Թուրք պաշտոնյաները վրդովված էին Զարաքոլուի «Դժբախտությունից փրկություն չկա» վերնագրով հոդվածից, որը հրապարակվել էր Evrensel եւ Artı Gerçek լրատվական կայքերում: Նախագահի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը հոդվածի հեղինակին մեղադրել էր «պետական հեղաշրջման սպառնալիքների համար», քանի որ Էրդողանի լուսանկարը հրապարակվել էր նախկին վարչապետերից մեկի` Ադնան Մենդերեսի կողքին, ով սպանվել էր 1960-ի հեղաշրջումից հետո:
Էրդողանի փաստաբանները քրեական գործ են հարուցել` պնդելով, որ Զարաքոլուն նրան համեմատել է Մենդերեսի հետ եւ փորձում է վնաս հասցնել «հասարակական կարգին` վախ եւ տարաձայնություն ստեղծելով»: Նրանք Զարաքոլուին մեղադրել են նաեւ «հեղաշրջմանը ձգտելու» մեջ:
Զարաքոլուն կտրականապես մերժել է այդ մեղադրանքները: Նա ասել է, որ իր հոդվածը պաշտպանում է հեղաշրջումներից: «Ես ամբողջ կյանքում պայքարել եմ հեղաշրջումների դեմ»,- ասել է Զարաքոլուն:
Զարաքոլուն նաեւ մարդու իրավունքների պաշտպան է եւ խոսքի ազատության պաշտպան է, ով մի քանի անգամ հետապնդումների է ենթարկվել թուրքական իշխանությունների կողմից: