ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի շնորհավորական ուղերձը Շուշիի ազատագրման 28-ամյակի առթիվ
Սիրելի հայրենակիցնե՛ր,
1992 թ. մայիսի 8-ից 9-ը հայկական մարտական ուժերի ռազմական եզակի
գործողության արդյունքում ազատագրվեց Շուշին՝ դառնալով Արցախյան
ազատամարտի բեկումնային և անշրջելի հանգրվանը: Շուշին հայ ժողովրդի
հավաքական երազանքների, ազատագրական պայքարի և քաղաքական
արժանապատվության պսակն էր, Հայոց անկախ պետականության կերտման
ճանապարհին վավերական արժեք:
Մեր հաղթանակն արդյունքն էր հայ ժողովրդի հավաքական նվիրումի,
ռազմական տաղանդի և պայմանավորված էր պատմական արդարությունը
վերականգնելու, հայ ժողովրդի քաղաքական իրավունքներն իրացնելու աներեր
կամքով:
Շուշիի հաղթանակով ծնվեց Արցախի Հանրապետության պաշտպանության
բանակը, որը շարունակում է լինել ազատ և անկախ Արցախի անվտանգության
երաշխավորը:
Մեր ազատագրական պայքարի խորհրդանիշ Շուշին այսօր, ավելի քան երբեք,
հաստատում է այն ճշմարտությունը, որ մեր վերջնական հաղթանակը կոփվում
է միայն համազգային միասնականությամբ, զարգացող և կայուն
պետականությամբ:
Արցախյան ազատամարտով, հազարավոր հայորդիների արյամբ նվաճված
Արցախի Հանրապետության անկախությունն անշրջելի է: Այն Արցախի,
առհասարակ, հայ ժողովրդի անվտանգության և զարգացման գրավականն է ու
երաշխավորը: Արցախի ժողովուրդն իրացրել է իր քաղաքական կամքն ու
ինքնորոշման իրավունքը, որը ենթակա չէ ո՛չ սակարկումների, ո՛չ զիջումների:
Սա՛ է հզոր, արդար և միացյալ Հայաստան կերտելու ՀՅԴ տեսլականը:
Հայրենիքի ազատագրության մարտերում զոհված քաջորդիներ, մեր
խոնարհումը ՁԵԶ:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում ենք Շուշիի ազատագրման 28-ամյակի և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման առթիվ:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին,
Մայիս 8, 2020 թ.