Անթույլատրելի է սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանի հայտարարությունը, թե ռուսաստանաբնակ բարերարները նվիրատվություն չեն անում, քանի որ կապեր ունեն նախկին ռեժիմի հետ․ Արա Վարդանյան
Անթույլատրելի է սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանի հայտարարությունը, թե ռուսաստանաբնակ բարերարները նվիրատվություն չեն անում, քանի որ կապեր ունեն նախկին ռեժիմի հետ։ Այս մասին Արմնյուս ՀԸ Անժելա Թովմասյանի «Հայելու առաջ» հեղինակային ծրագրի ընթացքում հայտարարել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն, քաղաքագետ Արա Վարդանյանը։
«Այդ արտահայտությունը, որ նա իրեն թույլ է տվել, շատ սխալ է։ Փաստորեն ապագայի համար նա բացառեց նվիրատվությունները համահայկական հիմնադրամին։ Մեկը կարող է Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ կապված լինել, մյուսը՝ Ռոբերտ Քոչարյանի, երրորդը՝ Սերժ Սարգսյանի, մյուսն էլ Նիկոլ Փաշինյանի համակիրը լինել, բաժանումներով դու նվազեցնում ես այդ ապագա նվիրատվությունները։ Հայտնի բարերարները բոլորն էլ փոխկապակցված են եղել նախկին իշխանությունների հետ, քանի որ խոշոր ծրագրեր են իրականացրել։ Ռուսաստանից նվիրատվությունները պակասել են, բայց դա պայմանավորված է տնտեսական որոշակի դժվարություններով։
Նույն Սամվել Կարապետյանը․․․ Հայաստանում իշխանազավթումից հետո էլ նա շարունակեց օժանդակության ծրագրերը թե Հայաստանում, թե Արցախում։ Ինչպես կարելի է նման հայտարարություն անել», ասել է Արա Վարդանյանը, նաեւ համոզմունք հայտնել, որ նոր տնօրենը կկարողանա սերտ շփումներում համոզել բարերարներին՝ շարունակել ծրագրերը։
Քաղաքագետը նաեւ կոչ է արել ապաքաղաքականացնել հիմնադրամն ու դրամահավաքը, քաղաքական համակիրներին չդարձնել դրամահավաքի հիմնական դերակատարներ։
«Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանն ասել է, որ Զարեհ Սինանյանի հայտարարությունն այն աստիճան անթույլատրելի է, որ «նա պետք է հավաքի ճամպրուկները եւ վերադառնա Գլենդել»․
«Սա նույն սեւուսպիտակի բաժանելու քաղաքականության դրսեւորումներից է, ինչը դրական արդյունք չի կարող ունենալ նաեւ այս ասպարեզում», ասել է Վահան Բաբայանը։
Արա Վարդանյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը տապալել է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի ծրագիրը։ Ըստ նրա՝ այդքան թվարկված ծրագրերից, չհաշված լույսի ու գազի ծախսի դիմաց փոքրիկ փոխհատուցումը, օգտվել է բնակչության ընդամենը 3,5%-ը։
Վահան Բաբայանն էլ ասել է, որ 26 հազար դրամը շատ չնչին գումար է կարիքավոր ընտանիքին լիարժեք օգնելու համար։
«Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից անամոթաբար ասում էր, թե 1 մլն մարդու օգնել ենք։ Այդ նույն լույսի ու գազի ծախսի պատմության ժամանակ ասում էր՝ գիտեք, մեկը Դիլիջանում դաչա ունի, դրա համար է նրա լույսի ու գազի ծախսը քիչ, նրան պետք չէ օգնել։ Պատկերացնո՞ւմ եք, Թրամփը, Մակրոնը, Պուտինն ընկնեն ման գան, թե ով որտեղ ինչքան է ծախսել։ Պետության ղեկավարը ամբողջ ազգի համար պետք է մտածի», ասել է Վահան Բաբայանը։