Հարևանի երեխաներից դասերի տեղն իմանում են, սովորում, հեռախոսով պատասխանում. բազմանդամ ընտանիքը ծանր կացության մեջ է (Տեսանյութ)
Հին սեփական տուն է, առաստաղը փլվել է, տանիքը ծակ է, հիմնականում մի սենյակի մեջ ենք ապրում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Գեղարքունիքի մարզ Վարսեր գյուղի բնակիչ 35–ամյա Արթուր Վարդանյան, որի ընտանիքն այս օրերին ծանր կացության մեջ է։
«Ընտանիքում 7 հոգի ենք՝ ես, կինս և 5 երեխաներս։ Մեծն աղջիկս է՝ 12 տարեկան, մյուս 4–ը տղաներ են՝ 10, 7, 3.5 և 1.5 տարեկան։ Հիվանդ տղա եմ, չեմ աշխատում, բանակում 2002 թվականին ծառայության ժամանակ ոտքիցս վիրավորվել եմ։ Միայն 55 հազար դրամ նպաստի հույսին ենք, աշխատանք չկա։ Մի քանի տարի առաջ գյուղի անասուններն էի պահում։ Հիմա չեմ կարողանում, բայց որ գյուղում մեկին գործ է լինում, գնում անում եմ՝ գոմաղբը, որ վառելիք են անում, գնում անում եմ, մի 5–6 հազար բերում եմ։ Ես ոչ հողամաս, ոչ էլ անասուններ չունեմ»,–ասաց նա։
Քաղաքացու խոսքով՝ միայն նպաստով դժվարանում են ապրել. «Քանի որ նպաստառու ենք, մեզ այս ամիս 20 հազար դրամ ավելի վճարեցին ու վերջ, այլ աջակցություն չենք ստացել պետության կողմից։ Մի անգամ էլ դիմեցինք, ասեցին՝ դուք նպաստառու եք, ձեզ չի հասնում։ Գյուղապետարանն է 1 մեշոկ ալյուր տվել, Բարգավաճն ու Դաշնակցությունն են բերել մի քանի բան և մի քանի բան էլ եկեղեցին է տվել։ Նպաստն էլ, որ ստանում ենք, հիմնականում լույսի գումարն ենք տալիս, դե գազ էլ չունենք, պարտքերն էլ քիչ–քիչ տալիս ենք, գումարը վերջանում է»։
Նրա խոսքով՝ երեխաներից 3–ը դպրոցական են եւ չեն կարողանում լիարժեք դասերին մասնակցություն ունենալ, քանի որ համակարգիչ չունեն. «Իմ հեռախոսն է միայն, այն էլ կնոպկեքով. գնում հարեւանի երեխաներից դասերի տեղն իմանում են, գալիս, սովորում են, իմ հեռախոսով զանգում եմ դասատուին, երեխաները պատասխանում են դասերը»։
Արթուրի խոսքով՝ տան պայմանները ծայրահեղ վատ վիճակում են. «Տան դիմացի հատվածի պատուհանները ցելաֆոնով են, 1 հատ լուսամուտ հարեւանն է տվել, բերել սարքել եմ, կոտրված էին, 2 լուսամուտ էլ իմ աներն է տվել, կողքից ցեմենտ են տվել, սարքել եմ։ Սենյակներ չկան, որ երեխաները գնան առանձին քնեն, մահճակալներ չկան, մի քանի բան հարեւաններն են տվել՝ հին բազկաթոռ, կահույք, սառնարանը քույրս է տվել, որ յոլա գնանք։ Անգամ լողանալու հնարավորություն չունենք։ Ոչ մի բանի հնարավորություն չկա»։
Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են օգնել այս ընտանիքին, կարող են զանգահարել նշված հեռախոսահամարով՝ 098870036 Արթուր Վարդանյան։