Մարզպետարանների իրական դերը. Կառավարությունը հետ է կանգնել իր մտադրությունից
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից առաջ, երբ գործող իշխանությունը պայքարում էր ընդդիմության դիրքերում, նախկին իշխանությունների հասցեին հնչած հիմնական մեղադրանքներից մեկը կապված էր պետական ապարատի ուռճացվածությանն ու արհեստական հաստիքների խնդրին։
Քննադատության հիմնական թիրախներից մեկն էլ մարզպետարաններն էին, որոնք, ըստ այն ժամանակվա ընդդիմության, արհեստական կառույցներ են, որոնք փաստացի ոչ մի էական գործողությամբ չեն զբաղվում և փաստացի աշխատատեղ են ապահովում «սուրճ խմողների» համար։ Իշխանության գալուց հետո էլ նշվում էր, որ ՀՀ նոր կառավարիչները պատրաստվում են հրաժարվել փոխմարզպետների ինստիտուտից։
Սակայն վերջին շրջանում այնպիսի տպավորություն է, որ ներկայումս հրաժարվել են այդ մտքից, սակայն ոչ միայն փոխմարզպետների հաստիքը կրճատելու հարցում, այլև մարզպետարանների աշխատակազմերը փոքրացնելու և այդ կառույցների իրավասությունները հստակեցնելու առումով։
Իշխանության ներկայացուցիչներն իրենց ելույթներում հիմա արդեն փաստում են, որ մարզպետարաններն էական աշխատանք են կատարում և ուղղակի կապ են ապահովում համայնքների ու գործադիրի միջև։
Ընդ որում, պետք է փաստենք, որ մարզպետարանները լայն թափով ուղղակիորեն ներգրավված են նաև ՏԻՄ-երի աշխատանքների մեջ, մասնավորապես ՀՈԱԿերի ու դպրոցների կառավարման խորհուրդներում բավական ներկայացուցչական կազմ ունեն։
«Փաստ» թերթի տեղեկություններով, հաշվի առնելով, որ տեղերում իշխող քաղաքական ուժը բավականին թույլ է, վերոնշյալ գաղափարից հրաժարվել են, ավելին՝ ամեն գնով ուզում են ուժեղացնել մարզպետարանների դերը, որպես ՏԻՄ-երին հակակշիռ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: