Ռեմարկի «Սև կոթողը» բնագրային թարգմանությամբ դրվել է ընթերցողի սեղանին
Առաջին անգամ բնագրից՝ գերմաներենից, հայերեն է թարգմանվել հայտնի գերմանացի գրող, 20-րդ դարի ամենահանրահայտ և ընթերցվող հեղինակներից Էրիխ Մարիա Ռեմարկի «Սև կոթողը վեպը: Այն մայիսի 7-ից դրվել է հայ ընթերցողի սեղանին: Գերմաներենից թարգմանությունը՝ Աննա Ռոստոմյանի: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը:
«Մեր հրատարակչությունն արդեն իսկ բնագրային թարգմանությամբ լույս է ընծայել Ռեմարկի «Երեք ընկեր», «Հաղթական կամար», «Արևմտյան ճակատում նորություն չկա», «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» գրքերը: Հաջորդիվ լույս կտեսնեն Ռեմարկի մյուս գլուխգործոցները: Այս պահին տպագրության է պատրաստվում գերմանացի գրողի «Երկինքն ընտրյալներ չունի» ստեղծագործությունը, որը նույնպես առաջին անգամ բնագրային թարգմանությամբ կներկայացվի հայ ընթերցողին»,-նշում է «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը՝ շեշտելով, որ Ռեմարկի գործերը մեծ պահանջարկ ունեն:
«Սև կոթողը. Պատմություն ուշացած երիտասարդության» գործը գրվել է 1956 թվականին: Վեպը ներկայացնում է Գերմանիան 1920-ական թվականների սկզբներին: Այդ ժամանակաշրջանը հայտնի էր հիպերինֆլացիայով և աճող նացիոնալիզմով:
Գրքի գլխավոր հերոսը՝ Լյուդվիգը, իր ընկերներից շատերի պես Առաջին աշխարհամարտի վետերաններից է: Չնայած նա իր ամբողջ կյանքում ձգտել է բանաստեղծ դառնալ, այժմ նա աշխատում է իր ընկերոջ՝ Ջորջի փոքր կազմակերպությունում, որը զբաղվում է գերեզմանաքարեր մշակելով: Նա փորձում է հավելյալ գումար վաստակել՝ աշխատելով որպես մասնավոր ուսուցիչ գրախանութի սեփականատիրոջ տղայի հետ, ինչպես նաև տեղի եկեղեցում երգեհոն է նվագում: