Ալեքսիս Օհանյանի կինը՝ Սերենա Ուիլյամսը՝ հայտնի ապրանքանիշի գովազդային արշավում (Լուսանկարներ)
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող, օլիմպիական քառակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի կինը՝ Սերենա Ուիլյամսը, դարձել է Stuart Weitzman կոշիկի ապրանքանիշի նոր դեսպանը։ Համացանցում արդեն իսկ լուսանկարներ են հայտնվել մարզիկի մասնակցությամբ գովազդային արշավից, որի հեղինակը լուսանկարիչ Իթան Ջեյմս Գրինն է։
Սեւ-սպիտակ լուսանկարներում Սերենան ոճային լողազգեստներ է կրում, որոնք առանձնանում են համարձակ լանջաբացվածքով, պիջակ կամ վերարկու։ Թենիսիստուհու ոտքերը զարդարում են Stuart Weitzman-ի նոր հավաքածուի կոշիկները։
Ուիլյամսի խոսքով՝ լուսանկարներն արվել են դեռ տարվա սկզբին, սակայն հրապարակվել են միայն այժմ. «Մենք աշխատել եւ Stuart Weitzman-ի հետ այս նախագիծն ավարտին ենք հասցրել տարվա սկզբին։ Հիմա մենք չենք կարող թաքցնել։ Հույս ունեմ՝ կկարողանանք կիսվել հույսի ու լավատեսության մեր ուղերձով»։
Բացի այդ՝ Սերենան Instagram-ի իր էջում հայտնել է Vital Voices կազմակերպության հետ համագործակցություն սկսելու մասին, որը զբաղվում է կանանց իրավունքների պաշտպանությամբ ու լայնացմամբ։ «Առաջ շարժվելու եւ լավագույնին հավատալու վրա կենտրոնանալու ժամանակն է։ Ես ուզում եմ, որ բոլոր սերունդների կանայք ոգեշնչվեն դրանով, քայլ առ քայլ»,- ասել է մարզիկը։
Ուիլյամսն այժմ, ինչպես եւ այլ թենիսիստներ, սպասում է կորոնավիրուսի համավարակի ավարտին, ինչպես նաեւ թենիսային սեզոնի վերսկսմանը. փորձագետների կանխատեսմամբ՝ դա հուլիսից շուտ տեղի չի ունենա։ Սերենան ինքնամեկուսացման պայմաններում է եւ տանը պահպանում է մարզավիճակը. նա արդեն իսկ տեսանյութեր է հրապարակել, որոնցում թենիս է խաղում ինքն իր հետ, ինչպես նաեւ յոգայով զբաղվում։