Պոմպեոն չի բացառել, որ ԱՄՆ-ն ԱՀԿ-ին այլընտրանք կառաջարկի
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն չի բացառում, որ Վաշինգտոնը կարող է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն ինչ-որ այլընտրանք առաջարկել, քանի որ այն իբր անհաջողություն է կրել նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում: Նա այս հայտարարությունը կատարել է Fox Business հեռուստաալիքի եթերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ պետքարտուղարին հարց էր ուղղվել՝ Վաշինգտոնն արդյոք նախատեսո՞ւմ է հանդես գալ նոր կազմակերպության ստեղծման օգտին, որը կստանձներ այն գործառնությունները, որոնք հիմա կատարում է ԱՀԿ-ն: Պոմպեոն պատասխանել է, որ ԱՄՆ վարչակազմը «փորձում է գնահատել, թե որ գործողություններն են լավագույնը»: «Նախագահը մեր առջեւ հստակ նպատակ է դրել՝ չի կարելի թույլ տալ, որ ԱՀԿ-ն կրկին անհաջողություն կրի: Անթույլատրելի է, որ ԱՀԿ-ն ստանա հարյուր միլիոնավոր ամերիկյան դոլարներ, եթե չի կատարելու իր խնդիրները»,- հավելել է նա:
«Այնպեոս որ, աշխատում ենք խնդիրների կատարման ուղղությամբ: Ի՞նչ տեսք դա կունենա: Մենք այդպիսի բան արել ենք ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում նախագահի արտակարգ ծրագրի շրջանակում»,- նշել է Պոմպեոն: Խոսքը նախաձեռնության մասին է, որով 2003 թվականին հանդես էր եկել ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը:
Պոմպեոն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն գիտի «ինչպես աշխատել միջազգային առողջապահության ոլորտում»: Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը մտադիր է «մեթոդ գտնել», որի դեպքում ԱՄՆ-ն «ինչպես միշտ, միջազգային առողջապահության ոլորտում միջոցառումների մշակման առաջնորդը կլինի: «ԱՀԿ-ն պարզապես չի կարողացել կատարել իր վրա դրված խնդիրը: Ինչպես ասում է [ԱՄՆ] նախագահը, եթե միջազգային կազմակերպությունը աշխատում է, լավ է: Եթե ոչ, ապա մենք ուղղակի դրան չենք մասնակցի»,- հավելել է ԱՄՆ պետքարտուղարը:
Թրամփը ապրիլի 14-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը դադարեցրել է ԱՀԿ-ին վճարումները: Նրա խոսքով՝ փող չի փոխանցվի «մինչեւ կորոնավիրուսի մասին տվյալների թաքցնելու մեջ կազմակերպության դերի գնահատման անցկացումը»: