Ցավոք, ինձ մոտ COVID-19 է հաստատվել, երեկ, ես սկսել եմ ջերմել մայիսի 2–ին. ԱԺ պատգամավորի օգնականի գրառումը
Ցավոք, ինձ մոտ COVID-19 է հաստատվել, երեկ, ես սկսել եմ ջերմել մայիսի 2–ին: Այս մասին մայիսի 6–ին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի օգնական Քնարիկ Հարությունյանը։ Նա մասնավորապես նշել է.
«ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց՝ աշխատակազմում հաստատված դեպք կա։ Խոսքն իմ մասին է։ Որևէ խնդիր չեմ տեսնում չբարձրաձայնելու, հատկապես, երբ որոշ լրատվականներ արդեն հասցրել են առանց ինձ հետ համաձայնեցնելու սխալ տեղեկատվություն տարածել։ Ցավոք, ինձ մոտ COVID-19 է հաստատվել, երեկ: Ես սկսել եմ ջերմել մայիսի երկուսին:
Ինչպես գրում են որոշ լրատվականներ, որ տեւական ժամանակ ջերմել եմ, ճիշտ չէ: Հավատացեք, ես գիտակցում եմ իմ պատասխանատվության չափը, բացի դրանից, շատ լավ գիտեք, որ ԱԺ-ում ամեն օր կատարվում է ջերմաչափում։ Ես նույնիսկ մեծ ցանկության դեպքում չէի կարող ջերմությամբ ԱԺ շենք մտնել, թույլ չէին տա։
Ինչպես արդեն նշեցի, ջերմել եմ մայիսի 2-ին, շաբաթ օրը և այդ մասին տեղյակ եմ պահել իմ անմիջական ղեկավարին։ Որոշում ենք կայացրել, որ չեմ ներկայանա աշխատանքի, մինչև պարզենք պատճառները։ Վերջին անգամ աշխատանքի եմ եղել ապրիլի 30-ին՝ հինգշաբթի օրը։ Այդ ժամանակ չէի կարող ենթադրել, որ միգուցե արդեն վարակված եմ:
Հաջորդը, որոշ լրատվականներ գրել են, որ ԻՆՏԵՆՍԻՎ մասնակցել եմ պետաիրավական հանձնաժողովի նիստին։ Դահլիճում եղել եմ մոտ 5-10 րոպե, տեսագրությունը կա։
Ինչպես եմ վարակվել. շփում եղել է ապրիլի 28-ին և 29-ին արդեն վիրուսը կրող մարդու հետ: Այդ պահին բնականաբար, հաստատված չի եղել COVID 19-ը վերջինիս մոտ: Երբ շաբաթ օրը սկսեցի ջերմել, ինքնամեկուսացել եմ, հետո դիմել բուժօգնության։ Ես ֆիզիկապես լավ եմ, հոգեպես՝ ճնշված։ Հիվանդությունը թեթև է անցնում, առանց էական բարդությունների։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր բժիշկներին, դուք ֆանտաստիկ լավն եք։ Առողջ եղե՛ք»: