Moody's-ը վերահաստատել է Ամերիաբանկին շնորհած Ba3 վարկանիշը կայուն հեռանկարով
Հեղինակավոր Moody's միջազգային վարկանշային գործակալությունը վերահաստատել է Ամերիաբանկին շնորհած ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների Ba3 վարկանիշը կայուն հեռանկարով:
Ամերիաբանկում կարեւորել են վարկանիշի վերահաստատումը կայուն հեռանկարով, հատկապես COVID-19-ի հետեւանքով ստեղծված իրավիճակում:
Վարկանիշը տրամադրելիս` Moody's-ը հիմք է ընդունել մի շարք կարեւոր ցուցանիշներ, այդ թվում` Ամերիաբանկի դիվերսիֆիկացված վարկային պորտֆելի առկայությունը:
Մասնավորապես նշվում է, որ 2020թ. հունվարի 1-ի դրությամբ ՓՄՁ վարկերի ծավալը բանկի ընդհանուր վարկային պորտֆելում կազմել է 17,4%, իսկ ֆիզիկական անձանց տրամադրած վարկերը կազմել են ընդհանուր վարկային պորտֆելի 25%-ը, ընդ որում, այն գրեթե հավասարաչափ է բաշխված հիփոթեքային եւ սպառողական վարկերի մեջ:
Բանկում նշել են, որ ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների վարկանիշն արտացոլում է.
- բանկի դիվերսիֆիկացված բիզնես ուղղությունները եւ ամուր դիրքերը տեղական շուկայում,
- ակտիվների բարելավված որակը եւ հնարավոր կորուստների կլանման կարողությունը` շնորհիվ կապիտալի պատշաճ բուֆերների, բարձր շահութաբերության եւ խնդրահարույց վարկերի բավարար ծածկույթի,
- իրացվելիության բավարար մակարդակը եւ միջոցների ներգրավման դիվերսիֆիկացված աղբյուրները:
«Չնայած կորոնավիրուսի հետեւանքով ստեղծված դժվարին իրավիճակին՝ Moody's վարկանշային գործակալությունն ակնկալում է, որ բանկի կողմից ֆինանսական միջոցների ներգրավման ցուցանիշները եւ իրացվելիության մակարդակը կմնան կայուն»,- ասված է հաղորդագրության մեջ: