Ադրբեջանի նախկին արտգործնախարարը կոչ է անում պատերազմ սկսել Հայաստանի դեմ
Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովը հարցազրույց է ունեցել, որի հիմնական գաղափարը կայանում է Հայաստանի հետ պատերազմ սկսելու կոչի մեջ:
«Մնացականյանի վերջին հայտարարությունը մի պարզ բան է նշանակում. Մինսկի գործընթացը, դրա տրամաբանությունը «սպանվել է»: Հայաստանը հայտարարագրում է իր դիրքորոշումը, եւ եթե մենք շարունակում ենք բանակցությունները, ապա փաստացի ընդունում ենք այդ «օրակարգը»:
Նաեւ ասում են, որ մի բան լավ է. համանախագահները հայտարարում են փուլային կարգավորման մասին, եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը խոսել է այդ մասին: Բայց հարցն այն է, որ այստեղ եւս պետք է պարզել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի հիմքը. այս կառույցը միակ կազմակերպությունն է` ամենակարեւորը, որը հրամայական որոշում է կայացնում` պարտադիր կատարման համար: Մնացած բոլոր միջազգային կազմակերպությունները, կոպիտ ասած, ՄԱԿ-ի ենթակայության տակ են: Եվ միայն ՄԱԿ-ը կարող է նրանց ինչ-որ գործառույթներ փոխանցել: Այդպիսի տարածաշրջանային կազմակերպություններից մեկն էլ ԵԱՀԿ-ն է: Սակայն, ի տարբերություն ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ն չի կարող ագրեսորին խաղաղություն ստիպել: Այսինքն, այն պայմաններ է ստեղծում բանակցությունների համար, կարող է քայլեր ձեռնարկել հակամարտությունը կանխելու համար: Ինչպես տեսնում եք, սա մի տեսակ «բարի ծառայությունների» ոլորտ է: Բայց նրանք չեն կարող ստիպել Երեւանին ազատել Ադրբեջանի գրավյալ տարածքները: Ելնելով վերոգրյալից` համանախագահները բարձրաձայնել են այդ մասին, եւ այժմ կողմերից մեկը, այսինքն` Հայաստանը, այս ձեւով հայտարարել է իր դիրքորոշման մասին: Եվ համանախագահները «միջին» են փնտրելու: Եվ եթե հայկական կողմը պնդի այս դիրքորոշումը, ապա բոլորը (իսկ միջնորդներն ունեն դրա իրավունքը) պարզապես կասեն, որ, իբր, իրավիճակն է այդպիսին, եւ եկեք քննարկենք, թե ինչ կարող ենք քննարկել: Եթե Ադրբեջանը համաձայնի այս օրակարգին, դա կնշանակի, որ մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած հարց, այդ թվում` երկար ժամանակ չքննարկված հարցերը, այսինքն, այդ թվում նաեւ` մեր տարածքային ամբողջականության վերաբերյալ: Ահա թե որն է այս հայտարարության տրամաբանությունը»,- ասել է նախկին նախարարը: Ըստ նրա` բանակցությունները սպառվել են:
«Նոր իրավիճակի տեսանկյունից հարկ է նշել Նախիջեւանի գործոնը, որի սահմանից Երեւանը մոտ 40 կմ հեռավորության վրա է: Դա «Գրադ» տեսակի համազարկային կրակի համակարգերի հասանելիության սահմաններում է»,- հայտարարել է նախկին նախարարը: «Եվ այս ամբողջական պատկերի մեջ ես տեսնում եմ, որ նույնիսկ հայկական կողմն է պատրաստվում պատերազմի: Եվ նրանք այլ կերպ են ուզում օգտագործել այդ պատերազմի հեռանկարները: Այդ պատերազմի ընթացքում նրանց քաղաքական վերնախավը կամ ցանկանում է ինչ-որ բան անել մեզ վնասելու համար, իսկ եթե դա չստացվի եւ նրանք պարտվեն պատերազմում, ապա կմեղադրեն իրենց դաշնակցին` ի դեմս Ռուսաստանի` անցնելով Արեւմուտքի կողմը: Ուստի փաշինյանական էլիտան տվյալ դեպքում կատարում է իր մինիմում ծրագիրը... Բոլորի համար շատ ակտուալ է այն զգացումի տարածումը մեր հասարակության մեջ, որ պատերազմն անխուսափելի է: Եվ հասարակության բոլոր բաղադրիչները` քարոզչությունը, տնտեսությունը, առողջապահությունը, պետք է պատրաստ լինեն դրան, քանի որ պատերազմ է լինելու ոչ միայն Ղարաբաղում. այն կտարածվի երկու երկրների` Հայաստանի եւ Ադրբեջանի ամբողջ տարածքի վրա»,- ասել է Զուլֆուգարովը: