Թրամփը համավարակի ընթացքում երկիրը փակելն իր ամենակարեւոր որոշումն է համարում
Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Միացյալ Նահանգներում կոշտ միջոցներ մտցնելու որոշումն ամենակարեւորն էր եւ միլիոնավոր մարդկանց է փրկել: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ամերիկյան ABC հեռուստաալիքի լրագրողներին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ինձ թվում է, որ ինձ համար ամենակարեւոր որոշումը երկիրը փակելն էր,- ասել է նա:- Մենք աշխարհի ամենամեծ տնտեսությունը, զբաղվածության ամենաբարձր ցուցանիշն ունենք, եւ այլ պարամետրերը եւս լավագույնն են: Եվ ինձ ասացին. «Սըր, մենք պետք է փակենք երկիրը»: Ես պատասխանեցի. «Ինչ եք ասում, ոչ ոք դեռ այդպիսի բան չի լսել»: Սակայն գնալով դրան` մենք միլիոնավոր կյանքեր փրկեցինք»:
«Կարեւոր քայլ էր դարձել վաղ փուլում դեպի Չինաստան ուղեւորությունների դադարեցումը,- շարունակել է նա:- Սակայն ամենակարեւորը դարձավ երկիրը փակելու մասին որոշումը: Եվ հիմա եւս մեկ կարեւոր որոշում կդառնա երկիրը բացելու մասին որոշումը: Ի վերջո, մարդիկ ուզում են վերադառնալ աշխատանքի»:
Թրամփը նաեւ սխալ է անվանել կանխատեսումն այն մասին, որ ԱՄՆ-ում մինչեւ օգոստոսի սկիզբ կարող է մինչեւ 135 հազար մարդ մահանալ կորոնավիրուսից: