Արուսյակ Թյուրապյանի ողբերգական մահվանն անդրադարձել է ամերիկյան մամուլը
Սփյուռքահայ հայտնի թարգմանիչ, երաժիշտ, գրադարանագետ Պերճ Թյուրապյանը հայտնել է իր դստեր՝ Արուսյակ Թյուրապյանի մահվան մասին: Երիտասարդ կնոջ մահը ցնցել է հարազատներին, հաղորդում է «Արեւելքը»:
«Թյուրապյանը եւ Սքուտըրի ընտանիքները խորունկ կսկիծով հայտնում են Արուսյակ Թյուրապյանի մահվան բոթը, որ մեզ ցնցեց 2020 թվականի ապրիլ 30-ին:
Արուսյակը սիրառատ եւ քնքուշ դուստր էր, մայր, կին, քույր, ընկեր... Նա սեր ու անդորր է ճառագում շուրջը՝ իր լույսով ու ջերմությամբ առատորեն ողողելով իրեն շրջապատող մարդկանց: Իր եւ ուրիշների համար նա կյանքը գեղեցիկ էր դարձնում՝ մարմնավորելով բարություն ու կարեկցանք, լինելով առեղծվածային բնության մի մասնիկը:
Մենք այսօր սգում ենք մեր սիրելի Արուսյակի կորուստը՝ հորդառատ մխիթարություն գտնելով մեզ սգակից ընտանիքիների ու ընկերների սիրո եւ համակրանքի արտահայտությունների մեջ: Արուսյակի լույսը, որ ողողել է մեր մտերիմների հոգին, ամոքում է մեզ ու սփոփում»,- գրել է Պերճ Թյուրապյանը՝ հայտնելով, որ հասարակական հավաքների սահմանափակման պատճառով Արուսյակի հոգեհանգստյան ու թաղման արարողությունները տեղի կունենան մտերմիկ ընտանեկան պայմաններում եւ այնպես ինչպես ինքն էր ցանկացել »: