Հսկայական բոռ-մարդասպանները սպառնալիքի տակ են դրել ԱՄՆ-ի մեղվաբուծությունը
Ասիական հսկայական բոռերը, որոնք վերջերս են հայտնաբերվել ԱՄՆ-ում, մահացու վտանգ են ներկայացնում ոչ միայն մեղուների բազմացման, այլեւ մարդկանց համար, հայտնում է RG-ը՝ հղում կատարելով The New York Times-ին։
Մեղվաբույծ Թեդ Մակֆոլը, ամերիկյան Վաշինգտոն նահանգից, պատմում է, որ իր մեղուները, ամենայն հավանականությամբ, զոհ են դարձել բոռերին, որոնք նախկինում չկային ԱՄՆ-ում։ Գալով մեղվանոց՝ նա հազարավոր մեղուների դիակներ է հայտնաբերել գետնին եւ այդքան էլ՝ փեթակներում։ Որեւէ նման բան նա երբեք չէր տեսել։ Մակֆոլը կասկածում է, որ դրանում մեղավոր են հսկայական ասիական բոռերը (Vespa mandarinia)՝ միջատներ, որոնց թեւերի բացվածքը ավելի քան 9 սմ է։
Հյուսիսարեւմտյան նահանգի բնակիչները այդ միջատներին նկատել էին դեռեւս 2019թ․ դեկտեմբերին, ինչի մասին հայտնել էին իշխանություններին։ Բանն այն է, որ դրանք իսկապես վտանգավոր կենդանիներ են՝ իրենց հարազատ Ճապոնիայում դրանց բոռ-մարդասպաններ են անվանում։ Այդ տեսակի բոռի խայթոցը կարող է մահացու լինել, քանի որ նրանք երկար քիթ ունեն, որը ունակ է նույնիսկ հաստ գործվածքի միջով անցնել։ Խայթոցի հետեւանքով որոշ մարդիկ մահանում են ալերգիկ շոկից։ Տարեկան բոռերի զոհ են դառնում Ճապոնիայի մոտ 50 բնակիչներ։
Ասիական բոռերը կարող են լուրջ խնդիր դառնալ մեղվաբուծության համար, քանի որ դրանք հատկապես մեղուների համար են վտանգավոր։ Մի քանի ժամվա ընթացքում նրանք կարող են մի ողջ մեղվաընտանիք սպանել։
Ի դեպ, ճապոնական մեղուները սովորել են պայքարել բոռերի դեմ՝ նրանք ամբողջ պարսով հարձակվում են առանձին բոռերի վրա եւ թեւերն այնքան են թափահարում, որ փեթակի ներսում ջերմաստիճանը շատ բարձրանա, եւ բոռը, չդիմանալով, սատկի։
Աշխարհի այլ մասերի մեղուները, որոնք բոռի չեն հանդիպել, չգիտեն նրա դեմ պայքարի այդ միջոցի մասին, այդ պատճառով կարող են ոչնչացվել հսկա միջատի կողմից։
Թե ինչպես են Vespa mandarinia-ները կարողացել հասնել ամերիկյան մայրցամաք, դեռեւս անհայտ է։ Մեղվաբույծներն ու տեղի բնակիչները հուսով են, որ բոռի այդ տեսակն այնտեղ չի հիմնավորվի։ Իշխանություները փորձում են ազատվել անկոչ հյուրերից՝ բոռերի ամբողջական խմբերը միանգամից ոչնչացնելու միջոցով։