Թրամփը հաստատել է կորոնավիրուսի դեմ պայքարի խմբի աշխատանքի դադարեցման մասին տեղեկությունը
ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով Սպիտակ տանն ավելի վաղ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբն իր աշխատանքը դադարեցնելու է, դրան փոխարինելու է մեկ ուրիշ խումբ, որը կենտրոնանալու է երկրի տնտեսության վերականգնման վրա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Արիզոնա նահանգում պատասխանելով լրագրողների հարցերին: Նրա ելույթի հեռարձակումը կատարել են ամերիկյան լրատվական հեռուստաընկերությունները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ նախագահին խնդրել են մեկնաբանել The New York Times պարբերականի հոդվածը, որի համաձայն իշխանությունները նախատեսում են առաջիկա շաբաթներին դադարեցնել փոխնախագահ Մայքլ Փենսի ղեկավարած խմբի աշխատանքը: «Մայք Փենսը եւ [նրա] աշխատանքային խումբը մեծ աշխատանք կատարեցին, բայց հիմա մենք դիտարկում ենք փոքր-ինչ այլ ձեւ: Եվ դա անվտանգությունն ու վերականգնումն է: Մենք ուրիշ խումբ կունենանք՝ հավանաբար, դրա համար ստեղծված»,- նշել է ԱՄՆ առաջնորդը:
Նման որոշման պատճառների վերաբերյալ հարցին պատասխանելիս Սպիտակ տան ղեկավարն ասել է. «Մենք չենք կարող առաջիկա 5 տարիներին մեր երկիրը փակել: Մենք շատ բան սովորեցինք»:
«Կարծում եմ, որ մենք քննարկում ենք երկրորդ փուլը եւ այլ փուլեր,- հավելել է Թրամփը՝ խոսելով ԱՄՆ-ում ձեռնարկությունների աշխատանքի վերսկսման մասին: - Երկիրը սկսում է բացվել: Աշխատանքային խումբը ֆենոմենալ աշխատանք է կատարել»:
Նրա խոսքով՝ աշխատանքային խմբից նոր խումբ կանցնեն հաստատապես կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի Սպիտակ տան համակարգող Դեբորա Բիրքսը եւ ԱՄՆ Ալերգիկ ու ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին: «Նրանք կլինեն [նոր խմբում], ինչպես նաեւ այլ բժիշկներ ու այս ոլորտի փորձագետներ: Մենք վերականգնում ենք մեր երկիրը»,- ամփոփել է ԱՄՆ նախագահը:
Ըստ պարբերականի՝ խումբը պետք է ձեւավորվի ԱՄՆ-ում սահմանափակող միջոցառումների աստիճանական չեղարկման առաջին փուլի շրջանակում, որի ավարտից հետո հիմնական ուշադրությունը կենտրոնանալու է պատվաստանյութի մշակման, կորոնավիրուսով պացիենտների հետազոտման եւ բուժման վրա: Հունվարի վերջին Սպիտակ տունը հայտարարել էր Թրամփի կողմից աշխատանքային խումբ ստեղծելու մասին: