Եգիպտոսում 3500-ամյա դագաղում հայտնաբերվել է հարուստ օժիտով դեռահաս աղջկա մումիա (Լուսանկար)
15 կամ 16-ամյա դեռահաս աղջկա մումիֆիկացված մնացորդներ են հայտնաբերվել իսպանացի հնագետների կողմից Եգիպտոսի Լուքսոր քաղաքի մերձակայքում։ Նրա մոտ հայտնաբերվել են հարուստ վզնոցներ եւ մատանիներ, որոնք, գիտնականների կարծիքով, կարող էին լինել նրա օժիտի մի մասը, գրում է Planet Today-ը։
Գիտնականները աղջկա մոտ, որն ապրել է մ․թ․ա․ 1580-1550 թվականներին, հայտնաբերել են «շատ լավ պահպանված սանդալներ»։
Դեռահասը հայտնաբերվել էր փայտե դագաղում, բամբակյա սավանի մեջ փաթաթված, ընդ որում՝ գիտնականները նշում են, որ նրա մնացորդները գտնվել են «վատ պահպանված վիճակում», իսկ դագաղը լավ վիճակում էր։
Հետազոտողների խոսքով՝ մահվան պահին դագաղը սպիտեկցվել էր եւ ներկվել կարմիր գույնով։ Ըստ հաշվարկների՝ աղջիկն ուներ 5 ֆուտ 1 դյույմ հասակ, իսկ զարդերը, որոնք հիանալի պահպանվել էին՝ չնայած մումիան վնասվել էր, հավանաբար նրա զգեստի մաս էին կազմել, որը աղջկա համար հարսանեկան նվեր պետք է լիներ ամուսնության ժամանակ։
Նրա մատներին հագցված մատանիներից մեկը պատրաստված էր ոսկրից, իսկ մյուսը՝ մետաղից, որի մեջ տեղադրված էր կապույտ ապակե ներդիր։ Հայտնաբերված չորս վզնոցներից յուրաքանչյուրը եզակի էր։ Մասնավորապես, դրանցից մեկը պատրաստված էր մուգ երկնագույն կլոր ուլունքներից, մյուսն ուներ կանաչ ապակե ուլունքներ, երրորդը շատ գեղեցիկ էր, ուներ շուրջ 60 սանտիմետր երկարություն եւ ներառում էր ամեթիստից, սերդոլիկից, սաթից, կապույտ ապակուց եւ կվարքցից ուլունքներ։ Չորրորդ վզնոցն ուներ ուլունքներով պատրաստված մի քանի շարան։